Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը ապրիլի վերջին նախատեսում է մասնակցել հոգեւոր առաջնորդների համաշխարհային գագաթնաժողովին, որը տեղի է ունենալու Բաքվում: Ըստ «Ինտերֆաքսի», այդ մասին հայտնել է Ռուս ուղղափառ եկեղեցու Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական կապերի բաժնի ղեկավարի տեղակալ, վանական Ֆիլիպը: Հիշեցնենք, որ Համայն Ռուսիո պատրիարքը մարտին ժամանելու է Հայաստան, որտեղ հանդիպելու է Ամենայն Հայոց կաթողիկոսին ու երկրի առաջին դեմքերին:

«Այսօր Հայաստանում Մոսկվայի պատրիարքարանը երկու վանք ունի` Երեւանում եւ Գյումրիի ռուսական ռազմաբազայում: Եւս մեկ վանք գործում է Լեռնային Ղարաբաղում»,- նշել է հայր Ֆիլիպը:

Իսկ 2010 թվականի հուլիսին Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդը մեկնելու է Օդեսա, որտեղ հանդիպելու է տեղի հոգեւոր ղեկավարների, հավատացյալ հոտի եւ իշխանության ներկայացուցիչների հետ: