ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր՝ սեպտեմբերի 14-ին անբարեխիղճ գովազդի համար տուգանք կիրառեց «Հայր եւ որդի Մաարտիրոսյաններ» ընկերության նկատմամբ: ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրությունները եւ վարույթները նպատակ ունեն բացառել այնպիսի գովազդների տարածումը, որոնք պարունակում են անհարկի համեմատություններ կամ որակումներ՝ նույն գործունեության զբաղվող այլ տնտեսվարողների հանդեպ: 

«Ընկերությունն իրեն հավասար մրցակից չունի ոչ միայն Հայաստանում, այլեւ՝ ողջ տարածաշրջանում»- եթեր հեռարձակվող այս գովազդի հեղինակը քարերի ներկրմամբ եւ իրացմամբ զբաղվող «Հայր եւ որդի Մարտիրոսյաններ» ընկերությունն է: Օրենքն արգելում է այնպիսի գովազդների պատրաստումը, որը վերաբերում է այլ տնտեսվարողների դիրքի եւ նրանց արտադրած ապրանքների համեմատություններին: Այլ կերպ ասած՝ տնտեսվարողն իրավունք ունի իր արտադրատեսակի վերաբերյալ սպառողին ներկայացնելու հավաստի տեղեկատվություն, սակայն իրավասու չէ նշելու, որ իր արտադրանքը «եզակի է», «ամենալավն է», «համար առաջինն է», «նմանը չունի» եւ այլն:  ՏՄՊՊՀ որոշմամբ, անբարեխիղճ մրցակցության դրսեւորման համար «Հայր եւ որդի Մարտիրոսյաններ» ընկերության հանդեպ կկիրառվի տուգանք՝ նախորդ տարվա հասույթի 1 %-ի չափով:

Իր խոսքում ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը տնտեսվարողներին կոչ արեց ապրանքը գովազդելիս լինել զուսպ եւ խուսափել այլ տնտեսվարողի արտադրանքին վնաս պատճառող որակումներից: Միաժամանակ ՏՄՊՊՀ նախագահը դիմեց սպառողներին, որպեսոզի վերջիններս լինեն առավել զգոն եւ մրցակցային խնդիրների առնչվելիս՝ անմիջապես դիմեն Հանձնաժողովին: