2006 թ. ելույթները դադարեցրած ամերիկյան System of a Down ռոք-խումբը կարող է կրկին վերադառնալ ակտիվ ստեղծագործական կյանքի։ Այս մասին հայտարարել է խմբի բասկիթառահար Շավո Օդաջյանը Twitter կայքէջում։

Արդեն երկար ժամանակ է, ինչ պտտվում են System of a Down-ի վերածնման մասին լուրերը, սակայն խմբի մասնակիցները դեռեւս չեն հաստատել դրանք։ Այդ լուրերն սկսեցին շրջանառվել այն բանից հետո, երբ անցած տարի խմբի մի քանի անդամներ միասին հանդես եկան։

System of a Down ռոք-խումբը կազմավորվել է 1995թ. Լոս Անջելեսում։ Խումբը թողարկել է հինգ ալբոմ, որոնք բոլորն էլ պլատինե են հռչակվել։ 2006-ին System of a Down-ը երկարաժամկետ հանգիստ է վերցրել, եւ խմբի անդամներից յուրաքանչյուրն այժմ զբաղված է սեփական նախագծերով։

Վոկալիստ Սերժ Թանկյանը 2007-ին թողարկել է իր՝ «Elect the Dead» կոչվող առաջին անհատական ալբոմը, կիթառիստ Դարոն Մելիքյանը եւ հարվածային գործիքների վրա նվագող Ջոն Դոլմայանը ստեղծել են Scars On Broadway խումբը։ Օդաջյանն էլ իր հերթին ձայնագրվել է Wu-Tang Clan ռեփ-խմբի հետ։