ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, սեպտեմբերի 14-ին ընդունել է ատլետիկայի եվրոպական կառույցների ղեկավարներին, ովքեր Հայաստան են ժամանել անվանի թեթեւատլետ Ռոբերտ Էմմիյանի գավաթի մրցումներին ներկա լինելու նպատակով:

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից հայտնում են, որ հյուրերի թվում էին, մասնավորապես, Ֆրանսիայի ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ Բեռնար Ամսալեմը (Bernard Amsalem), Եվրոպայի ատլետների միության փոխնախագահ Կարել Փիլնին (Karel Pilny), Հունաստանի սիրողական ատլետիկայի ասոցիացիայի գլխավոր քարտուղար Պանագիոտիս Դիմակոսը (Panagiotis Dimakos):

Ողջունելով հյուրերին` նախարարը կարեւորել է միջազգային փորձի կիրառումը մեր ատլետների մարզական պատրաստվածության բարձրացման գործում: «Համագործակցությունը տարբեր երկրների ֆեդերացիաների հետ սերտանում է նաեւ առանձին մարզիկների միջեւ ձեւավորված անձնական կապերի շնորհիվ: Այդպիսի մարզիկ է մեր անվանի ատլետ Ռոբերտ Էմմիյանը, ով նաեւ Հայաստանի ատլետիկայի ֆեդերացիայի նախագահն է: Նրա կողմից կատարվող աշխատանքները տեսանելի են բոլորին»,- նշել է նախարարը:

Հյուրերը շնորհակալություն են հայտնել նախարարին ընդունելության համար եւ փաստել, որ նկատելի է Հայաստանի կառավարության հոգատար վերաբերմունքը ոլորտի նկատմամբ, ինչը հետագայում եւս տալու է իր դրական արդյունքները:

Նշենք, որ վաղը՝ սեպտեմբերի 15-ին, Արտաշատի քաղաքային մարզադաշտում տեղի կունենա Ռոբերտ Էմմիյանի գավաթի մրցաշարի բացման արարողությունը: