Տավուշի մարզի Ներքին Ծաղկավան համայնքում փրկարարները եւ գյուղացիները համատեղ ջանքերով ի վերջո քանդել են սեպտեմբերի 12-ին սողանքից վթարային դարձած գյուղի երկհարկանի տունը, որը վտանգում էր շրջակա տների բնակիչների կյանքը: Ինչպես տեղեկացնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, այդ կերպ կանխվել է տան անկանխատեսելի փլուզման հետագա ընթացքը, սակայն սողանքավտանգ ճանապարհը շարունակում է օր օրի հոսել ներքեւ՝ անհանգստության մեջ պահելով գյուղի բնակչությանը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, Տավուշի մարզի սողանքավտանգ Ներքին Ծաղկավան համայնքում փլուզումները շարունակվում են: Դեռ մեկ տարի առաջ՝ ապրիլի 13-ին փլուզվել էր գյուղի գլխավոր ճանապարհը, այժմ էլ սողանքները շարունակվում են: Գյուղի ճանապարհների վրա առաջացել են հսկա ճաքեր, որոնք տեղումների ժամանակ ավելի են մեծանում: Ներքին Ծաղկավան համայնքի բնակիչները դժգոհում են, որ պատկան մարմինների համապատասխան գործողություններ չեն իրականացնում: