Երիտասարդ պահպանողականների միությունը հունվարի 13-ին դիմել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան պրն. Սերժ Սմեսոֆին՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել, որ Սարգիս Հացպանյանի վրա եւս տարածվի հարազատին վերջին հրաժեշտը տալու իրավունքը:

ՀԿ-ն Ֆրանսիայի դեսպանին հայտնել է, որ «քաղբանտարկյալ, Ֆրանսիայի քաղաքացի Սարգիս Հացպանյանի հայրը մահամերձ է», եւ իրենք ակնկալում են, որ նրա հոր մահվան պարագայում՝ «դեսպանը պնդի, որպեսզի նրա վրա եւս տարածվի ՀՀ քաղաքացի կալանավորների այն իրավունքը, որ զավակներն իրավունք ունեն վերջին հրաժեշտը տալու հանգուցյալ ծնողներին»։

«Հուսանք, որ գոնե այսքանի համար ՀՀ իշխանությունները չեն կարող կոպտորեն մերժել մեր ժողովրդի դաշնակից Ֆրանսիայի մարդասիրական պահանջը»,-նշել են նամակի հեղինակները:

Հիշեցնենք, որ Սարգիս Հացպանյանին ձերբակալել եւ 3,5 տարվա ազատազրկման են դատապարտել սուտ մատնության մեղադրանքով: Նա 2008թ. հոկտեմբերին «Հայկական ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցում հայտնել էր, թե իր տեղեկություններով Ռոբերտ Քոչարյանն ու նրա կողմնակիցները մահափորձ են ծրագրում Սերժ Սարգսյանի դեմ: