«Այն, ինչ կատարվեց 20 տարի առաջ Բաքվում` ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման պահանջի, Ադրբեջանի կողմից ի սկզբանե որդեգրած ուժային եւ էթնիկական զտումների քաղաքականության հերթական հրեշավոր դրսեւորումն էր»: Հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով 1990թ. Բաքվի ջարդերը: Ըստ փոխնախարարի՝ այդ քաղաքականության արդյունքը դարձավ «Ադրբեջանից շուրջ 400.000 հայերի բռնի տեղահանումը, ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ լայնածավալ ռազմական ագրեսիան, որոնք հանգեցրեցին ծանր մարդկային եւ նյութական կորուստների»:
«Այն փաստը, որ Ադրբեջանն իր պատասխանատվությունն ու մեղքը կատարված հանցագործությունների եւ սանձազերծված ագրեսիայի հետեւանքների համար ընդունելու փոխարեն շարունակում է հակահայկական հիստերիան եւ սուր ճոճելը, վկայում է, որ Բաքուն առ այսօր շարունակում է վտանգ ներկայացնել իր իսկ բնակչության եւ տարածաշրջանի համար»,- նշել է Շավարշ Քոչարյանը:
Հիշեցնենք, որ 1990թ. հունվարի 13-ից Բաքվում հայերի զանգվածային ջարդեր տեղի ուենցան, որոնց զոհ գնացին մոտ հարյուր հայեր:




























