Հայաստանում սեզոնով պայմանավորված դեռեւս հիվանդացության աշխուժացում չկա, այն ընթանում է նախորդ տարվա հետ զուգահեռ եւ օրինաչափ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը:
Նրա խոսքով` աշնանը սրվում են հատկապես սուր-շնչառական վարակները, քանի որ ստեղծվում են բոլոր նպաստավոր պայմանները այդ հիվանդությունների առաջացման եւ տարածման համար: Այդ պայմաններն են ցուրտը, մարդկանց կուտակումները եւ չօդափոխվող տարածքներում շփումը, օդի ջերմաստիճանի նվազումը:
«Հիվանդությունների կանխարգելման համար այս տարի եւս Առողջապահության նախարարությունը կձեռնարկի համապատասխան միջոցներ: Պետք է շատ լավ աշխատել բնակչության իրազեկվածության ուղղությամբ,հիշել մինիմալ կաննոերը եւ պահպանել դրանք»,- նշեց Լիանա Թորոսյանը:
Գլխավոր համաճակարաբանի խոսքով` մեզ մոտ գրիպի սեզոնը սկսվում է հոկտեմբերի առաջին տասնօրյակից` պայմանավորված եղանակային պայմաններով: Ըստ որում` գրիպը սեռ եւ տարիք չի հարցնում, դրանով հիվանդանում են բոլորը, բայց հղիները, երեխաները տարեցները ավելի խոցելի են դառնում այս հիվանդության համար, որովհետեւ այստեղ առաջ է գալիս դիմադրողականության խնդիրը:
Սուր-շնչառական վարակներից խուսափելու համար նա խորհուրդ է տալիս հիվանդի հետ չփշվել, հիվանդ լինելու դեպքում մնալ տանը, հետեւել անձնական հիգիենային եւ հագնվել եղանակին համահունչ: Անհրաժեշտ է նաեւ շատ հեղուկներ եւ վիտամինով հարուստ սնունդ օգտագործել, ինքնաբուժմամբ չզբաղվել եւ դիմել բժշկի, եթե արձանագրվում են ոչ թեթեւ հարբուխային երեւույթներ` գլխացավ, աչքերի կարմրություն, մարմնի ջարդցածություն:
Բացի սուր-շնչառական հիվանդություններից` մի շարք այլ խրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց մոտ եւս կարող է նկատվի սրացում, բարդացում, ինչը պայմանավորված է դիմադրողականության անկմամբ: «Գրիպը կարող է պրովակացիա անել հիմնական հիվանդությանը, եւ բարդությունները ընկնեն հիմնական հիվանդության վրա»,- ասաց Լիանա Թորոսյանը:





























