Հաճախ ենք խոսում Հայաստանում զբոսաշրջության զարգացման մասին, բայց նույնքան հաճախ մոռացության ենք մատնում գոյություն ունեցող մշակութային արժեքներն ու կոթողները: Հայաստանում քիչ թե շատ պահպանված պատմամշակութային հուշարձաններն անմխիթար վիճակում են:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային արժեքների ցանկում ընդգրկված հայկական կոթողների շարքում մոռացության է մատնված միջնադարյան Հայաստանի ամենանշանավոր բերդաքաղաքներց մեկը ` Ամբերդը: Ճիշտ է , 2006-2007թթ. վերականգնողական որոշ աշխատանքներ այստեղ կատարվել են , բայց, ընդհանուր առմամբъ, Ամբերդի ամրոցը ու նրա հարեւանությամբ գտնվող Կաթողիկե եկեղեցին գտնվում են անմխիթար վիճակում:
Ամբերդի շրջակայքը վերածվել է աղբավայրի, իսկ Կաթողիկե եկեղեցու հինավուրց պատերը դարձել են մշակութասեր այցելուների զգացմունքների խոստովանապատ:
Ամբերդից դեպի ձոր տանող լեռան լանջի մի հատվածը դարձել աղբավայր, որը հավանաբար գոյացել է այնտեղ հուշանվերներ վաճառողների եւ մաքրասեր զբոսաշրջիկների համատեղ ջանքերով: Միաժամանակ նշենք, որ տարածքում ոչ մի աղբաման չկար:
Միջնադարյան Հայաստանի ամրոցաշինության սկզբունքային գծերն իրենց վառ արտահայտությունն են գտել այս ամրոցում: Ամբերդը եղել է 10-րդ դարի Պահլավունի իշխանների ու Բագրատումիմերի թագավորության ռազմա- պաշտպանական կարեւոր հենակետերից մեկը: Այն դիմագրավել է սելջուկ- թուրքական ու մոնղոլ-թաթարական հարձակումներին ու միայն 14-դ դարի վերջին թուրք-թաթարական արշավանքներից հետո կորցրել իր նշանակությունը ու ամայացել Լենկթեմուրի օրոք:
Ամբերդը Հայաստանում քիչ թե շատ պահպանված միջնադարյան ամրոցներից է, եւ պետք է որ գտնվեր պետական առանձնակի հոգացության ներքո: Շատ է խոսվում արտերկրում գտնվող հայկական մշակութային կոթողների ոչնչացման ու անմխիթար վիճակի մասին: Մշակույթի նախարարությունը գուցե ավելի իրատես գտնվի, ուշադրություն դարձնի մեր երկրում գտնվող մշակութային կոթողների բարձիթողի վիճակին եւ նորից չսկսի խոսել ֆինանսական միջոցների բացակայությունից: Լայնածավալ քաղաքաշինության ու ճանապարհաշինության պայմաններում «խաշի» սիրահար մեր պաշտոնյաները գոնե իրենց անվտանգությունից ելնելով գուցե վերանորոգեին դեպի Ամբերդ ու Արագածի լանջերը տանող ճանապարհը:



































