Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի նախաձեռնությամբ ՀՀ անկախության 21-րդ տարեդարձին ընդառաջ, առողջ ապրելակերպ կարգախոսի ներքո կազմակերպվել էր մարտական զենքից հրաձգության առաջնություն, որին մասնակցում էին մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների ղեկավարները: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: Անզիջում պայքարից հետո մրցանակային առաջին երեք տեղերը զբաղեցրին համապատասխանաբար Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը, Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը եւ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը, ովքեր պարգեւատրվեցին մեդալներով:
Ողջունելով եւ շնորհավորելով առաջնության մասնակիցներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ առողջ ապրելակերպին ուղղված համատեղ միջոցառումները կլինեն շարունակական եւ դրանց մասնակցություն կունենան նաեւ վարչական շրջանների աշխատակազմերը: Քաղաքապետը նաեւ նշել է, որ նմանատիպ միջոցառումները միաժամանակ նաեւ կլրացնեն մայրաքաղաքային մարզական ու սպորտային միջոցառումների շարքը: Հայաստանի սպորտի ոլորտում ներդրած ավանդի համար Երեւանի քաղաքապետի որոշմամբ Հայաստանի քիքբոքսինգի ազգային ֆեդերացիայի նախագահ եւ ՀՀ ոստիկանության մարտական եւ ֆիզիկական պատրաստվածության բաժնի պետ Գառնիկ Հայրապետյանը պատգեւատրվել է Երեւանի քաղաքապետի ոսկե մեդալով:
Նշենք, որ միջոցառման նպատակը Երեւանի վարչական շրջանների ղեկավարների` որպես հրաձիգներ կարողությունների ստուգումն էր:





























