«Ճիշտ էր երկրի նախագահի նախաձեռնությունը, որպեսզի փոփոխություններ կատարվեն ՀՀ օրենսդրությունում եւ հնարավոր լինի ետ վերցնել մեր ստորագրությունը միջազգային փաստաթղթերի տակից»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը: Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է դեկտեմբերի 10-ին Սերժ Սարգսյանի կողմից ասուլիսում արված այն հայտարարությանը, որ իրենք դիմել են մասնագետների` համապատասխան օրենքներում փոփոխություններ իրականացնելու համար, որը թույլ կտա ետ վերցնել ՀՀ ստորագրությունը միջազգային փաստաթղթերի տակից:

Վ. Պողոսյանը տեղեկացրեց, որ այդ հարցով իշխանությունները ոչ պաշտոնապես դիմել են Գերմանական տեխնիկական համագործակցություն կազմակերպությանը (Ջի-Թի-Զեթ), որի աշխատակից է նաեւ ինքը, եւ իրենք տվել են խորհրդատվություն այդ հարցի հետ կապված:

«Ոչ պաշտոնապես մեզ դիմել են այդ հարցի հետ կապված որոշակի խորհրդատվություն մատուցելու համար: Մենք այդ խորհրդատվությունը մատուցել ենք: Քանի որ դա պաշտոնական դիմում չի եղել, մենք գերմանական կամ այլ միջազգային փորձագետների չենք ներգրավել եւ խորհրդատվությունը կատարել ենք մեր փորձագետների ուժերով»,- ասաց նա ու հավելեց. «Եթե Թուրքիան շարունակի ձգձգել արձանագրությունների վավերացման գործընթացը, Հայաստանը կարող է որոշակի փոփոխություններ կատարել իր օրենսդրությունում եւ ասել, որ որոշակի ժամկետից հետո այլեւս իրեն կապված չի համարելու այդ փաստաթղթին: Սա իմ անձնական կարծիքն է»:

Նշենք, որ GTZ ընկերության փորձագետներ են նաեւ Հրայր Թովմասյանն ու ՍԴ նախկին աշխատակից Գրիգոր Մուրադյանը: Հրայր Թովմասյանը, սակայն, ի տարբերություն Վ. Պողոսյանի, հերքել է, թե իրենց դիմել են այդ հարցով խորհրդատվություն ստանալու համար: