2009թվականին հայ-ռուսական մեր ռազմավարական գործընկերությունը համալրվել է որակական նոր տարրերով, պահպանվել է քաղաքական ինտենսիվ երկխոսության բարձր մակարդակը, ամրապնդվել են տնտեսական, մշակութային, հումանիտար կապերը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ հունվարի 14-ին ընդունելով Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին:
Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանն ասել է. «Մենք շնորհակալ ենք Ռուսաստանի Դաշնությանն` ինչպես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, այնպես էլ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ գործադրած մեծ ջանքերի համար»:
ՌԴ արտգործնախարարը Նախագահ Սերժ Սարգսյանին փոխանցել է ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ամենաջերմ ողջույնները եւ ասել. «Նա հույս ունի, որ մեր երկրների միջեւ առկա ինտենսիվ, գործընկերային, փոխվստահելի երկխոսությունը, որ անցած տարի առաջընթաց է ունեցել, կշարունակվի նաեւ այս տարվա ընթացքում»: «Մենք նույնպես բարձր ենք գնահատում մեր երկրների ռազմավարական գործընկերության մակարդակը, դաշնակցային փոխգործակցությունը բոլոր ոլորտներում», -ասել է Սերգեյ Լավրովը եւ հավելել, որ հայ գործընկերոջ հետ հանգամանորեն քննարկել են Ռուսաստանի ու Հայաստանի նախագահների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:
Սերժ Սարգսյանը եւ Սերգեյ Լավրովը մտքեր են փոխանակել նաեւ Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ` մասնավորապես անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման գործընթացին եւ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանը: ՌԴ արտգործնախարարը նշել է, որ Թուրքիայի վարչապետի հետ հունվարի 13-ին կայացած մամուլի ասուլիսում Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը եւս մեկ անգամ ներկայացրել է պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումն` ընդգծելով, որ այս երկու գործընթացները փոխկապակցված չեն. այս խնդիրներից յուրաքանչյուրն առանձին-առանձին լուծելը նույնիսկ շատ բարդ է, եւ ճիշտ չէ դրանք միմյանց հետ շաղկապելը: Սերգեյ Լավրովը նաեւ ընդգծել է, որ Ռուսաստանը շահագրգիռ է թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ, եւ թե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծմամբ:




























