Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը Հայիթի կուղարկի 50 հոգուց բաղկացած փրկարարական ջոկատ, երկրում տեղի ունեցած սարսափելի երկրաշարժի հետեւանքները վերացնելու համար օգնություն ցուցաբերելու նպատակով: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ԱԻՆ մամուլի ծառայության ղեկավար Նիկոլայ Գրիգորյանը:

Գրիգորյանի խոսքով, ջոկատը շուտով կուղեւորվի Մոսկվա, այնտեղից էլ Հայիթի: Հիշեցնենք, որ Կարիբյան ավազանի համար ուժեղագույն երկրաշարժը տեղի է ունեցել երեքշաբթի՝ հունվարի 12-ին: 7 մագնիտուդի առաջին ցնցմանը հետեւել են եւս երկուսը՝ 5,9 եւ 5,5 մագնիտուդ ուժգնությամբ: Երկրաշարժի զոհերի թիվը հասնում է տասնյակ հազարների: Ամբողջությամբ ավերվել է մայրաքաղաք Պորտ օ Պրենսեն:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը նախօրեին հաղորդել է կազմակերպության 16 զոհված աշխատակիցների մասին: Եւս 150 աշխատակիցներ այս պահին համարվում են անհետ կորած։

Մայրաքաղաքում ավերվել են հազարավոր տներ, քանդվել է հիվանդանոցի շենքը, տուժել են նաեւ նախագահական պալատն ու առեւտրի նախարարության շենքը: