Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած ծեծկռտուքի գործով կալանավորված 30-ամյա Կարլեն Ե.-ն եւ 32-ամյա Զոհրաբ Ե.-ն, ովքեր դատարանի որոշմամբ սեպտեմբերի 15-ին 1 միլիոն գրավի դիմաց ազատ էին արձակվել, երեկ` սեպտեմբերի 20-ին կրկին կալանավորվել են եւ տեղափոխվել «Նուբարաշեն» ՔԿՀ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Արամ Հովհաննիսյանից: Հարցին, թե որն է եղել հերթական անգամ կալանավորման պատճառը Արամ Հովհաննիսյանը ասաց, որ դատախազը վերաքննիչ բողոք է ներկայացրել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «ՄԱՊ» ՓԸ ընկերության գլխավոր տնօրեն, Աժ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի որդի Մակար Պետրոսյանը հրավիրվել է Ոստիկանության Արմավիրի բաժին: Ըստ NEWS.am-ի աղբյուրի, Մակար Պետրոսյանին հարցաքննել են Բամբակաշատ գյուղում տեղի ունեցած ծեծի գործով եւ բաց թողել: NEWS.am-ը գրել էր նաեւ, որ սեպտեմբերի 9-ին, ժամը 19.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխուղեղի ցնցում` հարցականով, գլխի գագաթա-ծոծրակային շրջանի սալջարդ, աջ եւ ձախ վերին եւ ստորին կոպերի ենթամաշկային հեմատոմաներ, քթի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1973 թ. ծնված Արամ Մելիքյանը: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, Բամբակաշատ գյուղի կենտրոնական փողոցում անհայտ անձինք վիճաբանել են Արամ Մ.-ի հետ, ծեծի ենթարկել նրան եւ պատճառել վնասվածքներ: Արամ Մ.-ից ընդունվել է հաղորդում եւ նշանակվել դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկանությունը ձերբակալել էր 30-ամյա ոմն Կարլեն Ե.-ին եւ 32-ամյա Զոհրաբ Ե.-ին: Սակայն լրատվամիջոցների փոխանցմամբ, ծեծը կազմակերպել էր հենց Մակար Պետրոսյանը:





























