Ա-ի սկեսուրը հարեւանների եւ հարազատների մոտ այնքան է ծաղրել նրան, որ նա հղի վիճակում հեռացել է ամուսնու տանից եւ բնակվում է մոր մոտ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Ա-ն, ով մարզերից մեկից հարս եկել Երեւան:

«Երբեք չէի կարող պատկերացնել, որ սկեսուրս այդքան չար մարդ է: Նա ամեն ինչ անում էր, որ ես ինձ զգամ ստորացված եւ ճնշված, բամբասում էր հարեւանների մոտ եւ սուտ լուրեր էր տարածում իմ մասին` անընդմեջ թելադրելով իր կարծիքը եւ հաշվի չառնելով իմը: Նա կարծես բավական չէր, հայտնվեց իմ երկրորդ սկեսուրը` ամուսնուս մորաքույրը, որոնց միակ նպատակն էր ծաղրել, ստորացնել ինձ` հիշեցնելով, որ բարձրագույն կրթություն չունեմ, այնինչ ես մինչեւ ամուսնությունս պատրաստվում էի ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություն»,- մանրամասնեց Ա-ն: Կնոջ պատմելով` այդ պայմաններում ունեցել է որդուն եւ որոշ ժամանակ անց ամուսնու հետ տեղափոխվել են Ռուսաստան,  որտեղ եւս սկեսուրը նրանց հանգիստ չի թողել: Ռուսաստանում Ա-ն պատահաբար հղիանում է, ու ամուսնու հետ որոշում, որ երեխայի հետ Ա-ն վերադառնամ Հայաստան: Իսկ ամուսինը խոստացել է նրանց միանալ մինչեւ ծննդաբերությունը: «Վերադարձա սկեսուրիս մոտ, որը ջանք չէր խնայում կյանքս դժոխք դարձնելու համար: Ես հղիությունս ծանր էի տանում, եւ երեխայիս կորցնելու վտանգով ու ներքին արնահոսությամբ ինձ տեղափոխեցին հիվանդանոց, որտեղ բժիշկները հայտնեցին, որ ինձ մոտ սթրեսից առաջացել է արգանդի հեմատոմա: Սկեսուրս ոչ մի անգամ չեկավ տեսակցելու ինձ ու միշտ ձեւական զանգում հարցնում էր` ի՞նչ ուղարկի, բայց ոչինչ էլ չէր ուղարկում»,- հիշեց Ա-ն: Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո ծաղրուծանակը,  կնոջ պատմելով, շարունակվել է եւ Ա-ն չդիմանալով այդ ամենին տեղափոխվել է մոր մոտ եւ դիմել է Կանանց իրավունքների կենտրոնին, որտեղից ստացել է, թե իրավաբանական, թե հոգեբանական մեծ աջակցություն:

«Ամուսինս, մոր հրահրմամբ ստիպում է, որ հետ վերադառնամ ու այնտեղ ունենամ երեխայիս` սպառնալով, որ ինքը մեր քաղաք ոտք չի դնի, ու թեեւ չգիտեմ` ինչպես վարվել, բայց մի բան հաստատ գիտեմ` վերադառնալով` ես կվտանգեմ իմ ու փոքրիկներիս կյանքը... Ես փակեցի իմ ականջներն ու սիրտը նրա դիմաց: Իմ կյանքը դեռ առջեւում է, թեեւ ինձ սպասում է երկար ու դժվար մի ճանապարհ: Բայց համոզված եմ, որ դա ոչինչ է այն դժոխքի համեմատ, որում ես ապրում էի այս տարիների ընթացքում»,- ընդգծեց Ա-ն:

Հ.Գ. Բոլոր այն կանայք, ովքեր ենթարկվում են ֆիզիկական, տնտեսական կամ հոգեբանական բռնության օգնություն ստանալու համար կարող են դիմել Կանանց իրավունքների կենտրոնի անվճար հետեւյալ թեժ գծին` 54 28 28: