Հանրապետության 575 մանկապարտեզներում սննդամթերքի գնումների ուսումնասիրությունները բացահայտել են մրցութային կանոնների խախտման, մատակարար ընկերությունների անբարխիղճ վարքագծի (խաբեության) տասնյակ դեպքեր: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր՝ սեպտեմբերի 24-ին որոշում ընդունեց 27 ընկերության նկատմամբ պատասխանատվության կիրառման մասին:
ՏՄՊՊՀ-ի կողմից բացահայտվել են մի շարք դեպքեր, երբ տնտեսվարողները մանկապարտեզների հետ կնքել են կարագի մատակարարման պայմանագիր, սակայն կարագի փոխարեն երեխաների սննդի համար տրամադրել են բուսասերուցքային խառնուրդ՝ սփրեդ կամ մարգարին, որոնք թե որակական եւ թե գնային առումով մի քանի անգամ զիջում են կարագին: ՏՄՊՊՀ նիստին առկա տնտեսվարողների ներկայացուցիչներն արդարացան, որ չեն հասկացել սփրեդի ու կարագի տարբերությունը, ու ընդհանրապես՝ սփրեդը դիտարկում են որպես էժան կարագ: «Լուսաշխարհ» ընկերության ներկայացուցիչ Մհեր Գեւորգյանն ասաց, որ իրենց պատվիրել են «էժան կարագ», եւ որ «ազգի կեսն այսօր սփրեդ է օգտագործում»:
Որոշ մանկապարտեզների փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ պետության կողմից երեխաների համար տրամադրված սննդի գումարով գնվել են այնպիսի ապրանքներ, որոնց օգտագործումը մանկական սննդում պարզապես անհնար է պատկերացնել: Օրինակ՝ սուրճ, բաստուրմա, սուջուխ, ձկան եւ մսի պահածոներ, կծու պղպղեղ եւ այլն:
Մարզերում բացահայտվել են նաեւ այնպիսի դեպքեր, երբ մանկապարտեզների տնօրենները գնել են հենց սփրեդ, քանի որ հաշիվ-ապրանքագրերում հստակ նշված է այդ մասին:
ՏՄՊՊՀ ուսումնասիրությունները փաստում են, որ հատկապես մարզերում, մի շարք ընկերություններ մանկապարտեզների տնօրենների հետ փոխադարձ համաձայնությամբ սննդի մատակարար են դարձել՝ առանց մրցույթների անցկացման, ինչն օրենքի կոպիտ խախտում է: Նման գործելաոճը նպաստել է այս դաշտում անառողջ մրցակցային միջավայրի ձեւավորմանը;
Մի շարք տնտեսվարողների վաճառքի փաստաթղթերից ակնհայտ է դառնում, որ վերջինները մանկապարտեզներին «կարագ» են մատակարարել 1000-1600 դրամով, այն դեպքում, երբ այդ նույն ժամանակահատվածում կարագի շուկայական գինը 2 անգամ ավելի թանկ է եղել, ինչը փաստում է, որ վաճառված ապրանքը կարագ չէ: Խուսափելով ՏՄՊՊՀ ներկայացնել ձեռքբերման փաստաթղթերը, տնտեսվարողները նշել են, որ կարագը կամ սփրեդը գնել են շուկայից` առանց փաստաթղթերի:
ՏՄՊՊՀ ուսումնասիրություններով բացահայտված օրինախախտ ընկերություններն են. «Լուսաշխարհ», «ԱԲԱՖ», «Սեար գրուփ», «Երեքնուկ», «Այգաբեր», «Կրիստալ», «Աբովյան Սիթի», «Արմեն ԱՔԷ», «Արարտ», «Էթյունի», «Ոսկե խարիսխ», Ամալյա Ներկարարյան ԱՁ, Թամարա Զոհրաբյան ԱՁ, Գառնիկ Խաչիկյան ԱՁ:
ՏՄՊՊՀ դիտարկումներով՝ ի հայտ եկած խախտումները նաեւ օրենսդրական բացերի արդյունք են: Խոսքը մասնավորապես վերաբերում է մանկապարտեզներում երեխաների համար նախատեսված սննդի կազմակերպման կարգին, որը թերի է: Այդ կարգում բացակայում է, թե որոնք են երեխաների համար թույլատրելի եւ արգելված սննդամթերքները: Օրինակ՝ Ռուսաստանի դաշնությունում գործում է նորմատիվային իրավական ակտ, որը հստակ սահմանում է երեխաների սննդի համար օգտագործվող սննդամթերքի ցանկը:
Օրինախախտ ընկերությունները տուգանվեցին անբարեխիղճ մրցակցության համար օրենսդրությամբ նախատեսված առավելագույն պատժաչափով` տվյալ տնտեսվարողի տարեկան հասույթի 1%-ի չափով:
ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրությունների ողջ փաթեթը կուղարկի ՀՀ Գլխավոր դատախազություն, ինչպես նաեւ բոլոր այն պետական մարմիններին, որոնց կարգավորման դաշտում գտնվում են վերոնշյալ խնդիրները:




























