Լոռիի մարզի Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցում՝ «Լաչինի միջանցք» կոչվող հատվածում հետիոտների համար չնախատեսված հատվածով անցնելիս հուլիսի 2-ին ժամը 14:25-ին գնացքի տակ ընկած եւ տեղում մահացած Մեծ Այրում գյուղի բնակչուհի, 1963 թ. ծնվածՆելլի Աբրահամովայի ողբերգական դեպքից հետո քաղաքային իշխանությունների եւ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ջանքերով վերջապես փակվեց քաղաքացիների կողմից ստեղծված ու բավականին վտանգավոր «անցումը»: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, ալավերդցիների մեծ մասը շարունակում են բողոքել վտանգավոր անցումի փակելու հետ կապված:
Մինչ անցումի հենապատերով փակելը ալավերդցիները քայլում ու բեռները տեղափոխում էին երկաթգծի վրայով, չպահպանելով նույնիսկ անվտանգության մինիմալ պայմանները: Չնայած մի քանի տասնյակ մետր այն կողմ գործող հետիոտնային անցումին, բնակիչները նշում են, թե կամուրջը հեռու է, բարձր, ու իրենց համար դժվարանցանելի. «Մեզ համար հին ձեւով ավելի լավ էր, մենք բոլորս էլ երկաթգծի վրայով անցնելիս շատ զգույշ էինք, հիմա բերել են պանելներ դրել, մենք էլ ստիպված պետք է մոստի վրայով անցնենք, թող բերեն պատը քանդեն ու դրա տեղը անվտանգության նշաններ կամ էլ ստորգետնյա անցում կառուցեն, որ մեզ համար հեշտ լինի»,-NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում դժգոհել են շուկայում առեւտուր իրականացնողները:
Նրանց պնդմամբ` ամիսներ առաջ տեղի ունեցածն էլ նույն այդ կնոջ մեղքով էր. «Էդ կինը հիվանդ կին էր, ինքն ու տղան էին անցնում, տղան անցավ, ինքը չհասցրեց….հիմա իր համար մենք բոլորս ենք տուժում»:
Այս ամենին զուգահեռ սակայն լրջորեն վերանորոգվել է գործող հետիոտնային կամուրջը, ինչը թույլ կտա ավելի անվտանգ դարձնել քաղաքացիների անց ու դարձը: Ալավերդցիների մի մասն էլ նշում է, որ քաղաքացիների կողմից ստեղծված անցումը ավելի շուտ պետք է փակվեր, քանի որ այստեղ արդեն դրված է բնակչության անվտանգության ու առեւտրականների շահը:
Լուսանկարները` Էդվարդ Արզումանյանի



























