Ղազախստանը մտադիր է իր ներդրումն ունենալ Կովկասում «ձգձգվող հակամարտությունների» լուծման գործում: Այս մասին հունվարի 14-ին Վիեննայում, ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստից հետո կայացած ասուլիսում հայտարարել է Ղազախստանի ԱԳ նախարար Կանատ Սաուդաբաեւը: Հաղորդում է «ԿազՏԱԳ»-ը: Նրա խոսքով, Ղազախստանը լրացուցիչ ռեսուրսներ ունի այդ հակամարտությունները լուծելու համար: Դա, առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ իրենք գիտեն այդ հակամարտությունների պատմությունը եւ մենթալ հարթությունում մոտ են հակամարտող կողմերին: Սաուդաբաեւը ընդգծել է նաեւ, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը մեծ հեղինակություն ու վստահություն ունի հակամարտող կողմերի մոտ:

Ինչ վերաբերում է մտահոգություններին, որ այդ երկրի մասնակցությունը Աբխազիայում, Հարավային Օսիայում եւ Աֆղանստանում առկա հակամարտությունների լուծմանը կազդի Ռուսաստանի հետ նրա հարաբերությունների վրա, ապա ԱԳ նախարարը հայտարարել է, որ չի կարծում, թե որեւէ մեկը, այդ թվում՝ Ռուսաստանը, դեմ լինի, որպեսզի «այդ հակամարտությունները կողմերի համաձայնությամբ լուծվեն հակամարտություններում ներգրավված ժողովուրդների օգտին»: