«Ավելի լավ է շան հաչոց մեկնաբանեմ, քան` Ահարոն Ադիբեկյանի ասածները: Ինչ վերաբերում է ընդդիմության միասնական թեկնածուին` անձամբ ես գիտեմ, որ այսօրվա դրությամբ կոնկրետություն դեռ ոչ մեկը չի մտցրել: Կարծում եմ, որ այդ գործում Գագիկ Ծառուկյանի թեկնածությունն ընդհանրապես անընդունելի է»,- երեկ «168 ժամ» թերթի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀՇ վարչության անդամ Երջանիկ Աբգարյանը` արձագանքելով սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի կողմից հրապարակված երեկվա հարցումների արդյունքների վերաբերյալ հարցին:

«Հիշեցնենք, որ Ա. Ադիբեկյանը երեկ հրապարակել է նախագահական ընտրությունների թեկնածուների վերաբերյալ «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի անցկացրած հարցումները, որոնց համաձայն` հարցվածների 32.4 տոկոսը ընդդիմության միասնական թեկնածու է համարում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, 11 տոկոսը` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, 8.7 տոկոսը` «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին, 4 տոկոսը` ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին, 3.4 տոկոսը` ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանին, իսկ 2.5 տոկոսը` ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Ռուստամյանին»,- գրում է «168 ժամը»: