Աղետի գոտու բնակավայրերում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Մուշ 2-2» եւ «Անի» թաղամասերում «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի կողմից կառուցված եւ առաջիկայում շահագործման հանձնվող 38 շենքերի արտաքին բարեկարգման եւ թվով 1756 բնակարանների ներքին հարդարման աշխատանքների որակի համապատասխանությունը ուսումնասիրելու նպատակով, ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանի սեպտեմբերի 25-ի հրամանով, ստեղծվել է հանձնաժողով` Քաղաքաշինական ԾԻԳ-ի տնօրենի տեղակալ Վահան Սարգսյանի գլխավորությամբ: Հանձնաժողովի կազմում են ՀՀ քաղաքաշինության նախարարության Քաղաքաշինական ԾԻԳ-ի եւ Քաղաքաշինական պետական տեսչության մասնագետներ, ինչպես նաեւ «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահը:
Վերոնշյալ հրամանի համաձայն` աշխատանքները իրականացվելու են կառուցապատողի` «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ, որոնք անհրաժեշտության դեպքում, եռօրյա ժամկետում միջոցներ կձեռնարկեն թերություններն ու բացթողումները վերացնելու համար: Հանձնաժողովին հանձնարարված է մինչեւ սեպտեմբերի 29-ը ՀՀ քաղաքաշինության նախարարին ներկայացնել տեղեկանք` իրականացված ուսումնասիրության արդյունքների եւ ձեռնարկված միջոցառումների մասին :
Վերոնշյալ հրամանը հետեւել է նույն օրը, ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանի Գյումրու «Մուշ 2-2» եւ «Անի» թաղամասեր կատարած այցին: Նախարար Թադեւոսյանն այցելել էր վերոնշյալ թաղամասեր` շահագործման հանձնելուց առաջ, շինարարության ավարտական աշխատանքներին ծանոթանալու նպատակով:




























