Ոսկերչական իրերի արտադրությամբ եւ վաճառքով զբաղվող Ա/Ձ-ի 29-ամյա տնօրենը` Կոտայքի մարզի բնակիչ Հ.Ս-ն, ով իր գործունեության ընթացքում պարտքեր է կուտակել, առեւանգել է համաքաղաքացի Հ.Հ-ին եւ նրա հորեղբորից 150 հազար ԱՄՆ դոլարի չափով փրկագին պահանջել: Իսկ աղջկան ասել է, որ ամուսնության նպատակով է իրեն առեւանգում, այնինչ գործարարն ամուսնացած է եղել եւ 2 անչափահաս երեխա ունի: Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ին տեղեկացրեցին, որ սույն գործը քննվել է իրենց մոտ:
Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Հ. Ս-ին ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ նա, որպես ԱՁ տնօրեն, զբաղվելով ոսկերչական իրերի արտադրությամբ եւ վաճառքով, այդ ձեռնարկատիրական գործունեության ընթացքում կրել է գումարային վնասներ եւ կուտակել խոշոր պարտքեր, ինչի պատճառով որոշել է առեւանգել իր համաքաղաքացի Հ. Հ-ին եւ նրա հորեղբայր Մ. Հ-ից փրկագին պահանջելով` մարել պարտքերի մի մասը` վստահ լինելով, որ վերջինս հանդիսանում է ունեւոր անձնավորություն: Այդ նպատակով նա 2012 թվականի մայիսի 2-ին հանդիպել է Հ. Հ-ին եւ համատեղ ապրելու /ամուսնության/ պատրվակով, խաբեությամբ տարել նախօրոք վարձակալած բնակարանը, որտեղ պահել է նրան ու վերցնելով վերջինիս պատկանող բջջային հեռախոսը, դրանով զանգահարել է Մ. Հ-ին եւ պահանջել 150 հազար ԱՄՆ դոլլար գումարի չափով փրկագին, սակայն նույն օրը ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բռնվել է ՀՀ ԿԱ ԱԱԾ աշխատակիցների կողմից:
Պարզվել է, որ Հ.Ս-ն ամուսնացած է եւ ունի 2 անչափահաս երեխա: Արագացված դատաքննության ընթացքում դատարանը Հ.Ս-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով եւ դատապարտել ազատազրկման` 5 տարի ժամկետով:




























