«Մենք իրավունք չունենք մեկնաբանել ՍԴ որոշումը», — նման պատասխան տվեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը NEWS.am-ի թղթակցի հարցին, թե արդյո՞ք ՍԴ-ն կամայականորեն չի մեկնաբանել հայ-թուրքական արձանագրությունները՝ նշելով, որ քանի դեռ չի բացվել սահմանը եւ չեն հաստատվել դիվանագիտական հարաբերություններ, ապա արձանագրություններում ներառված մյուս պարտավորությունները իրավական ուժ չունեն:

Նրա խոսքով, դա Հայաստանի Սահմանադրական դատարանի մեկնաբանությունն է եւ մենք իրավունք չունենք դա մեկնաբանել, եւ եթե ուզում ենք, որ այդ մեկնաբանությունները կիրառելի լինեն, դրանք պետք է ԱԺ-ում վերածվեն վերապահումների:

Նշենք, որ հայ-թուրքական արձանագրություններում որեւէ նման դրույթ չկա, որ պարտավորություններից մեկը պայմանավորված է մյուսի կատարմամբ: Արձանագրությունների բոլոր պարտավորությունները պետք է կատարվեն, եթե իհարկե, դրանք վավերացվեն եւ ուժի մեջ մտնեն:

Դիտարկմանը, թե նույն հաջողությամբ թուրքական կողմը կարող է մեկնաբանություն անել, որ քանի դեռ չի ստեղծվել պատմաբանների ենթահանձնաժողովը, մյուս պարտավորությունները իրավական ուժ չունեն, Ա. Մինասյանն արձագանքեց, որ եթե նման բան տեղի ունենա, կնշանակի, որ ի սկզբանե, Հայաստանն ու Թուրքիան տարբեր նպատակներ են հետապնդել, եւ եւս մեկ անգամ կապացուցվի, որ Թուրքիան նախապայմաններ է առաջ քաշում: