Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հուլիսի 20-ի երեկոյան մի շարք նոր նախաձեռնություններով է հանդես եկել երկրի խորհրդարանում։ Մասնավորապես՝ նա առաջարկել է անցկացնել տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրություններ։ Եվ չնայած նրան, որ հերթական ընտրությունները պետք է կայանային 2010 թվականի աշնանը, Վրաստանի նախագահը ասել է, որ ընտրությունները տեղի են ունենալու նույն թվականի մայիսի 30-ին։ Սահակաշվիլու կարծիքով, այսպիսով հնարավոր կլինի խթանել բարեփոխումները երկրում եւ ժողովրդավարության զարգացման գործընթացը հասցնել մինչեւ վերջ։ Այս նպատակով Սահակաշվիլին առաջարկել է 2009 թվականի վերջում կազմավորել նոր Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Անդրադառնալով ընդդիմությանը՝ նա նշել է, թե այն երկրում, ուր ինքը իշխանության է եկել հեղափոխության ճանապարհով, Վրաստանի իշխանությունները երբեք չեն թույլատրի, որ իշխանությունը փոխվի զենքի միջոցով։ «Մենք չենք վախենում սպառնալիքներից եւ երբեք չենք թուլատրի իրագործել հեղափոխություն կամ հեղաշրջում։ Մենք կհասնենք այն բանին, որ իշխանությունը փոխվի միմիայն ընտրությունների եղանակով»,-ասել է նա։

Դրանից բացի, Վրաստանի նախագահը հանդես է եկել Վրաստանի սահմաններից դուրս ծնված բոլոր էթնիկ վրացիներին Վրաստանի քաղաքացիություն տրամադրելու նախաձեռնությամբ։ Ըստ նրա, Վրաստանից հարկադրաբար հեռացած վրացիներին պետք է տրամադրել երկքաղաքացիություն։ Միաժամանակ, ինչպես նշել է Սահակաշվիլին, անհրաժեշտ է ամրագրել մի որոշակի ցենզ, թե որքան տարի այդ երկրում պետք է ապրած լինի անձը, որպիսի ստանա վրացական քաղաքացիություն։

«Սա անհրաժեշտ է այն բանի համար, որ մի գեղեցիկ օր մենք չունենանք նորընտիր նախագահ, որին անծանոթ է Վրաստանը»-ասել է նախագահը։

Սահակաշվիլին հանդես է եկել հերթական բարեփոխման նախաձեռնությամբ , որը ենթադրում է Ազգային անվտանգության խորհրդի աշխատանքներում ընդդիմության ներկայացուցիչների ներգրավում։ «Ես առաջարկում եմ ամեն ամիս անցկացնել Ազգային անվտանգության խորհրդի նիստեր՝ ընդդիմության մասնակցությամբ, որպեսզի մենք միասին կարողանանք համակարգել երկրի արտաքին քաղաքականությունը»,-նշել է նա։ Սահակաշվիլու կարծիքով, այսօր Վրաստանը ունի «արտաքին թշնամի»՝ Ռուսաստանը, որը «բռնագրավել է մեր տարածքները եւ փորձում է մեզ ոչնչացնել»։ «Իհարկե, մենք ցանկանում ենք, որ մեր ժողովուրդները լինեն միասին, ընկերություն անեն, սակայն դա կլինի ոչ թե միասնական հավատքի հիման վրա, մանավանդ, որ մեր եկեղեցիները ավերում ու թալանում են զավթիչները, եւ ոչ էլ կարճատեւ եղբայրության խոսակցությունների հիմքի վրա, այլ թշնամական հարաբերությունների ավարտի դեպքում, երբ վերջին զավթիչը կլքի Վրաստանը: Իսկ այս առիթով թող ոչ մեկի մոտ պատրանք չլինի»,-ասել է Սահակաշվիլին։

Վրաստանի նախագահի եւս մեկ առաջարկ վերաբերում էր ազատության եւ ժողովրդավարության զարգացմանը։ Մասնավորապես՝ընդդիմադիր հեռուստաընկերությունների համար արբանյակային հեռարձակման հնարավորություն ընձեռել։ Նախագահը նաեւ առաջարկել է բարեփոխել Վրաստանի Առաջին ալիքի՝ հանրային հեռարձակողի եւ այն կառավարող մարմնի դիտորդական խորհուրդը։ «Ես առաջարկում եմ դիտորդական խորհրդում ապահովել լիարժեք հավասարություն եւ 4-ական տեղ հատկացնել ընդդիմությանն ու խորհրդարանական մեծամասնությանը, իսկ որոշիչ 9-րդ տեղը տրամադրել հասարակության ներկայացուցչին»,-հայտարարել է Վրաստանի նախագահը: