ՀՀ կառավարությունը հրապարակել  ու հաստատել է ՀՀ 2013 թ. պետական բյուջեի նախագիծը: Անմիջապես աչքի է զարնում այն հանգամանքը, որ հարկային եկամուտների պլանը կրկին ավելացվել է մոտ 120 մլրդ դրամով: Ընդ որում` աճի նման տեմպը գերազանցում է 2012 թ. բյուջեում նախատեսված 100 մլրդ դրամ աճից: Բոլորս էլ հիշում ենք, թե 2012 թ. բյուջեի քննարկումների ժամանակ դա ինչ թեժ բանավեճերի առիթ ծառայեց, նույնիսկ պետեկամուտների կոմիտեի ղեկավարությունը կասկածներ հայտնեց, թե հնարավոր է հարկային եկամուտների նման հավելաճ ապահովել: Հիմա, երբ կառավարությունը ներկայացրել է 120 մլրդ դրամի հավելաճի ծրագիր, ամենայն հավանականությամբ, բանավեճերը պակաս թեժ չեն լինի, քան 2012 թ, բյուջեի քննարկումների ընթացքում: Առավել եւս, որ հայտնի չեն այնպիսի օրենսդրական նախաձեռնություններ, որոնք կարող էին հանգեցնել հարկային ծանրաբեռնվածության աճի: Իսկ 2012 թ. բյուջեում նման օրենսդրական նախաձեռնություն գոնե կար` բնապահպանական վճարների մասով օրենսդրությունը խստացվեց, ինչը բյուջեում արդեն հավելյալ մոտ 6 մլրդ եկամուտ է ապահովել: Նշենք սակայն, որ կառավարությունը պատրաստվում է եկամտային հարկի դաշտում ներառել զինծառայողներին, նրանց հավասարեցված անձանց ու փրկարարական ծառայության ծառայողներին: Կարծում ենք կառավարության այն գնահատականը, թե այդ քայլի շնորհիվ հնարավոր է բյուջեում հավաքագրել լրացուցիչ 32 մլրդ դրամ` այնքան էլ արդարացված չէ:

Վարչարարական միջոցառումների խստացման շնորհիվ 2013 թ. նախատեսվում է հավաքագրել մոտ 32 մլրդ դրամ լրացուցիչ հարկ: Մնացյալ 60 մլրդ դրամը փաստորեն բաժին է ընկնում մակրոտնտեսական զարգացումներին` տնտեսական 6% աճ, դեֆլյատորի ավելի բարձր մակարդակ (3.2%` նախորդ տարվա 2.4%-ի համեմատ): Այստեղ եւս, իհարկե, առկա են բազում հարցականներ, պահանջվում են լրացուցիչ հիմնավորումներ:

2013 թ. պետական բյուջեի ամենակարեւոր առանձնահատկություններից մեկը դեֆիցիտի կրճատումն է: Դեֆիցիտը նախատեսվում է 120 մլրդ դրամ` 2012 թ. 132 մլրդ դրամի համեմատ: Սա կարեւոր է այն տեսանկյունից, որ մակրոտնտեսական կայունության պահպանման վստահություն է ստեղծում, ինչպես նաեւ ակնհայտորեն կբարելավի ՀՀ-ի ու միջազգային դոնոր կազմակերպությունների միջեւ հարաբերությունները: Դեֆիցիտի կրճատումը թույլ է տալիս մեղմել արտաքին ու ներքին պետական պարտքի աճի տեմպը, ինչն արդեն իսկ մոտենում է վտանգավոր մակարդակին (արտաքին պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը մոտ 45% է): Նախատեսվում է 2013 թ. ներգրավել մոտ 350 մլն դոլար վարկային ռեսուրս, ինչի արդյունքում արտաքին պարտքը կգերազանցի 4 մլրդ դոլարը:

Սամվել Ավագյան