ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել Երեւանի թիվ 10/19 ընտրատեղամասում հունվարին կայացած ընտրություններում մի խումբ անձանց կողմից բռնության գործադրմամբ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար: Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մամուլի հրապարակումների հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2010թ. հունվարի 10-ի Երեւանի թիվ 10 ընտրատարածքում կայացած ՀՀ ԱԺ պատգամավորի ընտրությունների ժամանակ՝ ժամը 10:30-ի, ապա նաեւ 16:30-ի սահմաններում, մի խումբ անձինք Երեւանի Հանրապետության 71 հասցեում գտնվող Խ.Դաշտենցի անվան թիվ 114 միջնակարգ դպրոցում տեղակայված թիվ 10/19 ընտրատեղամասում ծեծկռտուք հրահրելով եւ բռնություն գործադրելով վստահված անձանց, ինչպես նաեւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ, խոչընդոտել են ընտրական հանձնաժողովի աշխատանքներին, վստահված անձանց եւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների լիազորությունների իրականացմանը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 5-րդ կետերով, կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք, որ այս տեղամասում ընտրություններն անվավեր են ճանաչվել: Թիվ 10 ընտրատարածքում հունվարի 10-ին կայացած ընտրություններում հաղթող է ճանաչվել «Ազգային Միաբանություն» կոսւակցության թեկնածու Արա Սիմոնյանը՝ հավաքելով 6850 ձայն: