Մի շարք արդիական միջազգային եւ տարածաշրջանային խնդիրներ, այդ թվում՝ իրանական միջուկային ծրագրի, կիպրական կարգավորման եւ Բոսնիայի ու Հերցեգովինայի հարցերն են քննարկվել այսօր՝ հունվարի 15-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ նրա թուրք գործընկերոջ՝ Ահմեդ Դավութօղլուի հեռախոսազրույցի ընթացքում: Զրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ:

Նախարարները նաեւ մտքեր են փոխանակել ամենաբարձր մակարդակով ռուս-թուրքական միջպետական խորհրդակցությունների նոր մեխանիզմի ստեղծման շուրջ:

Նշենք, որ հունվարի 13-14-ին կայացել էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան: Երեւանում ռուսաստանյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպումներ է անցկացրել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Բանակցությունների ընթացքում քննարկվել էին երկկողմ հարաբերությունները, նաեւ տարածաշրջանային խնդիրները, մասնավորապես՝ ղարաբաղյան հակամարտությունը: