29-ամյա Ա.Մ-ն իր դիտողություններին պատասխանելու համար հրազենով կրակել է ընկերուհու` Լ.Ա-ի վրա: Ավան եւ Նոր-Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ին տեղեկացրեցին, որ սույն գործը քննվում է իրենց մոտ:

Ա. Մ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. հունիսի 4-ին ժամը 23.15-ի սահմաններում Նոր Նորքի 8-րդ զանգվածում, իր դիտողություններին պատասխանելու կապակցությամբ վիճաբանել է մտերմուհու` Լ. Ա-ի հետ եւ իր մոտ գտնվող ողորկափող հրազենով կրակել է վերջինիս վրա` դիտավորությամբ նրա  առողջությանը  պատճառելով միջին ծանրության վնաս` առողջության տեւական քայքայումով:

Նրա դեմ քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 113  հոդվածի 1-ին մասով: Սակայն քրեական գործով տուժող Լ.Ա-ը մինչեւ դատաքննությունը սկսվելը դատարանին հայտնել է, որ հաշտվել է Ա.Մ-ի հետ, նրա նկատմամբ պարտք ու պահանջ չունի, նույն բովանդակությամբ գրավոր դիմում է ներկայացրել դատարանին եւ խնդրել, որ Ա.Մ-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնեն եւ քրեական գործի վարույթը կարճեն: Արդյունքում` դատարանը որոշել է Ա. Մ-ի նկատմամբ ՀՀ  քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործի վարույթը կարճել եւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել` ամբաստանյալի հետ տուժողի հաշտվելու հիմքով: