Լոռիի մարզում մինչ այս պահը թերեւս ոչ բոլոր համայնքներն են ապահովված հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար նախատեսված թեքահարթակներով: Չնայած տարբեր կառույցների կողմից բազմիցս բարձրաձայնվող հարցին, մի շարք համայնների ղեկավարներ լուրջ չեն վերաբերում այս հարցին, ինչի պատճառով տարիներ շարունակ համայնքային կենտրոններ այցելելը հաշմանդամություն ունեցող մարդկանց համար մի շարք դժվարություններ է առաջացնում: Այս մասին սեպտեմբերի 28-ին կայացած Լոռիի մարզխորհրդի նիստի ժամանակ հայտարարեց մարզպետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Վալերի Ջաղինյանը: Այս մասին հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը:
Ըստ Ջաղինյանի թեքահարթակներ դեռեւս կառուցված չեն Գուգարքի տարածաշրջանի Ազնվաձոր, Անտառամուտ, Լերմոնտովո եւ Ձորագետ, Սպիտակի տարածաշրջանում՝ Սպիտակ քաղաքի, ինչպես նաեւ Խնկոյան, Կաթնաջուր, Շիրակամուտ, Սարահարթ, Սարալանջ գյուղերը:
Մարզի մյուս տարածաշրջաների մի շարք համայնքների համայնքային կենտրոններ եւս ապահովված չեն թեքահարթակներով: Համայնքների ղեկավարներին Վալերի Ջաղինյանը կոչ արեց կատարել տարեսկզբին իրենց կողմից տրված խոստումը եւ սեղմ ժամկետներում իրականացնել թեքահարթակների կառուցում:




























