Կուբայում հետաքննում են Հավանայի հոգեբուժական կլինիկայում մահացած 26 հիվանդների գործը։

Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը, հիվանդների մահվան պատճառը ցուրտն է եղել։

Պաշտոնական տվյալներով, ջերմաստիճանի անկումը մինչեւ 3 աստիճան եւ եղանակային պայմանների կտրուկ փոփոխությունը բերել են քրոնիկ հիվանդությունների սրման, որով տառապում էին հոգեբուժարանի հիվանդները։ Նախաքննության արդյունքում հայտնաբերվել են նաեւ բժշկական անձնակազմի մի շարք թերացումներ։ Երկրի իշխանությունները հայտարարել են, որ հիվանդների մահվան համար պատասխանատվություն կրողները դատարանի առջեւ կկանգնեն։

Կուբայի իրավապաշտպանները բժշկական անձնակազմին մեղադրել են հանցավոր անփութության մեջ։ Ինչպես հայտնում է BBC-ն, հիվանդանոցն այնքան վատ վիճակում է եղել, որ հնարավոր չի եղել հիվանդներին պաշտպանել ցրտից։

Կլինիկայում չկա ջեռուցման համակարգ, կոտրված են պատուհանները։