Հունվարի 17-ին Թուրքիա այցելող Իսրայելի պաշտպանության նախարարին հրաժարվել են ընդունել թե՛ Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը, թե՛ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը ցանկություն է հայտնել հանդիպել վարչապետ Էրդողանի հետ, սակայն վերջինս չի կարողանալու ընդունել իսրայելցի նախարարին, որովհետեւ մեկնում է Արաբական Միացյալ Էմիրություններ։ Իսրայելի պաշտպանության նախարարը ցանկացել է հանդիպել նաեւ նախագահ Գյուլի հետ, սակայն Գյուլը նույնպես մերժել է՝ պատճառաբանելով որ զբաղված է լինելու «Ստամբուլը Եվրոպայի մշակույթային մայրաքաղաք» դառնալուն ուղղված միջոցառումներին մասնակցելով։ Գյուլը հայտնել է, որ կարող է Էհուդ Բարաքին ընդունել միայն երկուշաբթի, սակայն այդ օրն էլ Իսրայելի պաշտպանության նախարարը պետք է Գերմանիայում կոնֆերանսի մասնակցի։ Դիվանագիտական աղբյուրները նշում են, որ Գյուլը եւ Էրդողանը չեն ցանկանում հանդիպել Էհուդ Բարաքի հետ՝ վերջին աթոռային սկանդալի հետ կապված։

Իսրայելի պաշտպանության նախարարը կհանդիպի Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի եւ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Վեջդի Գյոնուլի հետ, ինչպես նաեւ սպասվում է հանդիպում Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Իլքեր Բաշբուղի հետ։