Ճիշտ չեմ համարում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ճանապարհին լրացուցիչ նախապայմաններ դնելը: NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նշել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Հանս-Յոհան Շմիդտը: Նա ընդգծել է, որ արձանագրությունների վավերացումը ոչ մի կերպ կապված ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի հետ: Դեսպանի խոսքով, վավերացումը ԼՂ խնդրով պայմանավորելը ճիշտ չէ եւ չի բխում առաջին հերթին Թուրքիայի շահերից: «Եթե Թուրքիան ցանկանում է մեծացնել իր ազդեցությունը տարածաշրջանում, իսկ դա, անկասկած, այդպես է, ապա պետք է լավ հարաբերություններ հաստատի տարածաշրջանի բոլոր երկրների, ոչ թե միայն մեկի հետ: Որքան շուտ Թուրքիան դա հասկանա, այնքան լավ իր համար: իսկ հայ-թուրքական արձանագրությունները ԼՂ հարցով պայմանվորելը չի նպաստում Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացմանը»,- հայտարարել է Հանս-Յոհան Շմիդտը:
Նրա խոսքով, արձանագրությունների հնարավորինս շուտ վավերացումը բխում է ե՛ւ Հայաստանի ե՛ւ Թուրքիայի շահերից: Միաժամանակ, նա հիշեցրել է, որ այդ փաստաթղթերի ստորագրման ճանապարհին կողմերը շատ դժվարություններ են հաղթահարել եւ անգամ վերջին պահին առաջ եկած տհաճ խնդիրները չկարողացան խանգարել այդ արձանագրությունների ստորագրմանը: Հենց այդ պատճառով էլ, ըստ դեսպանի, կողմերը պետք է, վավերացնելով արձանագրությունները, առաջին քայլերն անեն հարաբերությունները նորմալացնելու ուղղությամբ:
«Անհրաժեշտ է արագ ավարտել արձանագրությունների վավերացումը, որպեսզի ողջ ուշադրությունը կենտրոնացվի ԼՂ խնդրի վրա»,- նշել է նա: Դեսպանը նաեւ գոհունակություն է հայտնել ԼՂ կարգավորման գործընթացից՝ ընդգծելով, որ բանակցությունները շատ ինտենսիվ են ընթանում, իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը շատ արդյունավետ է աշխատում:
Իր հերթին, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսոֆը նույնպես նշել է, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը չպետք է կապվի ԼՂ խնդրի հետ, քանի որ դրանք միմյանց հետ առնչություն չունեն: Նա ընդգծել է, որ որպես բարի կամքի դրսեւորում՝ երկու երկրները պետք է ամենակարճ ժամանակում վավերացնեն արձանագրությունները: «Իհարկե, կան որոշակի քաղաքական պահեր, բայց Թուրքիան պետք է հաղթահարի դրանք եւ վավերացնի արձանագրությունները»,- ասել է Սմեսոֆը:




























