Այժմ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որեւէ ընկերությունից սակագին վերանայելու հայտ չի ստացել. ոչ էլեկտրաէներգիայի, ոչ գազի, ոչ էլ հանձնաժողովի կարգավորման դաշտում գտնվող այլ սակագնի։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը՝ կարծիք հայտնելով, որ առաջիկայում էլ նման հայտեր չեն ստացվի։ Ընթերցողին ենք ներկայացնում Ռոբերտ Նազարյանի հետ NEWS.am-ի հարցազրույցն ամբողջությամբ։
Պրն. Նազարյան, դուք «Հայռուսգազարդից» հայտ ստացել ե՞ք գազի սակագինը բարձրացնելու համար:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այս պահին որեւէ ընկերությունից սակագին վերանայելու հայտ չի ստացել. ոչ էլեկտրաէներգիայի, ոչ գազի, ոչ մեր կարգավորման դաշտում գտնվող այլ սակագնի։ Չեմ էլ կարծում, որ առաջիկայում նման հայտեր կստացվեն, քանի որ մինչեւ հայտի ստացումը որոշակի նախապատրաստական աշխատանքներ են տարվում. տարիների փորձը հուշում է, որ հայտի քննարկման սահմանված ժամկետը չի բավարարում վիճելի հարցերը քննարկելու:
Բայց խորհրդարանում բյուջետային քննարկումների ժամանակ չբացառեցիք, որ նման հայտ կարող է ստացվել:
Սահմանի վրա ձեւավորվող գազի գնի առումով ես բանակցությունների կողմ չեմ հանդիսանում։ Բանակցությունների կողմերը ռուսաստանյան «Գազպրոմն» ու Հայաստանի կողմից՝ էներգետիկայի ու բնական պաշարների նախարարությույնն ու «Հայռուսգազարդն» են: Այդ գնի մեծությունն իմանում ենք բանակցությունների ավարտից հետո, երբ կնքված պայմանագիրն ուղարկում են մեզ գրանցելու, որից հետո այն ուժի մեջ է մտնում։ Ես տեղյակ եմ, որ բանակցությունները շարունակվում են, բայց պայմանագիր մեզ մոտ մուտք չի եղել:
Իսկ եթե այնուամենայնիվ պայմանագիրն ու գների վերանայման հայտը ստանաք, ինչպես ՞եք որոշելու գազի վերջնական սակագինը:
Մեր հանձնաժողովն իրավական ակտ է հաստատել, որով սահմանել է սակագնի վերանայման հայտի նկատմամբ պահանջները: Երբ պարզ լինի սակագնի մեծությունը սահմանի վրա՝ սահմանված կարգով պետք է դիմեն հանձնաժողովին, թե իրենց պատկերացումներով ինչպիսի՞ն պետք է լինի սպառողին մատակարարվող գազի սակագինը: Հայտը կընդունենք միայն այն դեպքում, երբ այդ հայտի մասին Հայաստանի 3 մեծ տպաքանակ ունեցող թերթերում հայտարարություն կտպեն, ու այդ հայտարարությունը կկցեն իրենց դիմումին: Այդ դեպքում հանրությունը կտեղեկանա, որ «Հայռուսգազարդը» դիմել է հանձնաժողովին՝ սակագնի վերանայման հայտով: Սպառողին մատակարարվող գազի սակագինը որոշելիս բազմաթիվ գործոններ ենք հաշվի առնում՝ միայն սահմանին գնի փոփոխությունը դեռ բավարար չէ:
Իսկ փոխարժեքի վերջին փոփոխությունները ինչպե՞ս կազդեն կարգավորվող սակագների վրա:
Փոխարժեքն այն գործոններից մեկն է, որը հաշվի է առնվում սակագնի որոշման ժամանակ: Կան նաեւ այլ գործոններ՝ շահագործման եւ պահպանման ծախսերում նյութական ծախսերի կտրուկ փոփոխությունները, սպառման ծավալների աճը կամ նվազումը, ներդրումների վերադարձ եւ այլն: Ընկերությունն ինքն է որոշում՝ երբ դիմի Հանձնաժողովին սակագնի վերանայման հայտով: Ըստ օրենքի՝ սակագնի վերանայման հայտով կարելի է դիմել ոչ պակաս 6 ամիս մեկ հաճախականությամբ: Եղել է դեպք, երբ մենք ենք նախաձեռնել գնի վերանայում՝ փոխարժեքի կտրուկ տատանումների պատճառով նախաձեռնել ենք գնի նվազեցման գործընթաց:
Հաշվի առնելով, որ 90 օր է պահաջվում սակագնի վերանայման հայտի քննարկման համար, կարելի է ասե՞լ, որ մինչեւ ապրիլի 1-ը գազի սակագինը չի փոխվի:
Հնարավոր է եւ ավելի երկար ժամկետում գազի սակագնի փոփոխություն չլինի: Եթե ես լինեի «Հայռուսգազարդի» տնօրեն՝ քանի դեռ ռուսական կողմի հետ պայմանավորվածություն չկա, սակագնի վերանայման հայտ այլ գործոններով պայմանավորված չէի ներկայացնի: Որովհետեւ դրանից հետո 6 ամիս նոր հայտով դիմել չի կարող։ Ես կարծում եմ՝ «Հայռուսգազարդը» սպասում է բանակցությունների ավարտին, սահմանի վրա գազի գնի հստակեցմանը, որից հետո որոշում կկայացնի հանձնաժողովին դիմելու մասին։ Չպետք է մոռանալ, որ կան գործոններ, որոնք հակառակ ուղղությամբ են ազդում՝ նպաստում են էժանացմանը: Այսինքն՝ բոլոր գործոնները պետք է համալիր կշռադատել, հարային լսումներ կազմակերպել եւ վերջնական սակագինը որոշել:
Զրուցեց Սամվել Ավագյանը




























