Իսրայելում Թուրքիայի դեսպան Օղուզ Չելիքոլը ժամանել է Թուրքիա։ Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ Չելիքոլը հայտնել է, որ Թուրքիա է ժամանել Իսրայելի պաշտպանության նախարարի այցին ներկա լինելու համար։ Իսրայելում Թուրքիայի դեսպանը նշել է, որ ինքը Իսրայելի ԱԳ փոխնախարարի հետ հանդիպմանը ծանր պահեր է ապրել, սակայն շատ շնորհակալ է թուրքական մամուլին՝ իրեն աջակցելու համար։
Ի դեպ, հունվարի 17-ին մեկօրյա այցով Թուրքիայում կլինի Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը, ով կհանդիպի Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի եւ պաշտպանության նախարար Վեջդի Գյոնուլի հետ։ Թուրքիայի նախագահը եւ վարչապետը տարբեր պատճառաբանությամբ հրաժարվել են հանդիպել իսրայելցի նախարարի հետ։
NEWS.am-ը հիշեցնում է, որ հունվարի 11-ին Իսրայելի ԱԳ փոխնախարար Դանի Այալոն հրավիրել էր Իսրայելում Թուրքիայի դեսպանին եւ հանդիպման ժամանակ նրան նստեցրել ավելի ցածր աթոռի վրա, Իսրայելի բողոքը փոխանցել թուրք դեսպանին՝ թուրքական «Գայլերի հովտի որոգայթը» սերիալի դեմ, որտեղ իսրայելցի գործակալները ներկայացվում են որպես երեխաներ առեւանգողներ։ Այնուհետ դեսպանի հետ հիշյալ տեսարանի լուսանկարները տարածվել էին իսրայելական մամուլում, ինչը բողոքի մեծ ալիք էր բարձրացրել Թուրքիայում։ Թուրքական իշխանությունները պահանջեցին Իսրայելի կողմից պաշտոնական ներողություն։ Իսրայելը նախ ուղարկեց բացատրություն, որ Դանի Այալոն նպատակ չի ունեցել նսեմացնելու թուրք դեսպանին։ Սակայն սա չբավարարեց Թուրքիային։ Հունվարի 13-ի ուշ երեկոյան Անկարան ստացավ իր ուզած՝ Դանի Այալոնի կողմից ուղարկված պաշտոնական ներողությունը՝ Իսրայելում Թուրքիայի դեսպանի անունով, ուղերձի մեջ իսրայելցի պաշտոնյան թուրք դեսպանից եւ թուրք ժողովրդից ներողություն էր խնդրում իր արարքի համար։




























