2013 թ. սոցիալական ապահովության ոլորտում կլինեն 3 գերակա խնդիրներ՝ կենսաթոշակային բարեփոխումներ, ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդրում եւ երեխաների իրավունքների պաշտպանություն: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին հայտարարեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ ամփոփելով իր պաշտոնավարման 100 օրը:
Ա. Ասատրյանը նշեց, որ կենսաթոշակային բարեփոխումների առումով արդեն ընդունվել են 50 օրենքներ, 2014 թ. հունվարի 1-ից ներդրվելու է բազմաստիճան կենսաթոշակային համակարգ: Արդենմ իսկ ներդրվել է նոր տեղեկատվական շտեմարան՝ սեպտեմբերից իրականացվում է նոր տեղեկատվական համակարգով թոշակների վճարումը, զուգակցելով հին համակարգի հետ: 2013 թ. հունվարից ամբողջական անցում կկատարվի նոր համակարգին, որը նվազագույնի կհասցնի կոռուպցիոն ռիսկերը:
Երկրորդ գերակա խնդիրը՝ ինտեգրված սոցիալական համակարգի ներդրման ծրագիրը հաստատվել է հուլիսին, իսկ 2013 թ. փորձնական ծրագիր կիրականացվի Արարատի մարզում: Սա նշանակում է մեկ պատուհանի սկզբունքի կիրառում, քաղաքացի-տեսուչ շփումների նվազագույն մակարդակ: Կներդրվի սոցիալական աշխատողի ինստիտուտը, որը կգնահատի ընտանիքի կարիքները, որից հետո կիրականացվի համալիր ինտեգրված սոցծառայությունների մատուցում:
Ինչ վերաբերում է երեխաների իրավունքների պաշտպանությանը, ապա Ա. Ասատրյանն ասաց, որ մեծ ուշադրություն կդարձվի հատուկ կարիքներով երեխաների հաստատությունների խնդիրներին: Բացի այդ՝ կիրականացվի մանկատների բենբաթափում; 2013 թ. կդադարի գործել «Զատիկ» մանկատունը, որը կսկսի մատուցել ցերեկային եւ ժամանակավոր խնամքի ծառայություններ: Այդպիսով՝ կմնան 6 մանկատներ, որից 3-ը՝ հատուկ:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի





























