2011 թ. դեկտեմբերին 12ամսյա գնաճը կազմել է 4,7%, հետեւաբար՝ ՀՀ կենտրոնական բանկը ապահովել է ՀՀ պետական բյուջեի մասին օրենքով նախանշված նպատակը (4+-1,5 %): Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին ՀՀ Ազգային Ժողովում ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահի առաջին տեղակալ Ներսես Երիցյանը՝ ներկայացնելով ՀՀ 2011 թ. դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը:

Նրա ներկայացմամբ՝ 2011թ. մեկնարկել է բարձր գնաճով՝ հիմնականում պայմանավորված հումքի եւ պարենի միջազգային գների աճով: Մարտին գնաճը հասել է վերջին 3 տարում իր ամենաբարձր մակարդակին՝ 11,5%: Սակայն հետագա ամիսներին գնաճային միջավայրը աստիճանաբար մեղմվել է: Դրան, ըստ Ն. Երիցյանի, նպաստել են մի շարք գործոններ. միջազգային շուկայում գները կայունացել են, տեղական շուկայում աճել է գյուղմթերքների առաջարկը, հարկաբյուջետային քաղաքականությունը եղել է զսպող, տարեսկզբին խստացվել են դրամավարկային պայմանները:

ՀՀ ԿԲ-ն հունվար-ապրիլ ժամանակահատվածում բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1.25 տոկոսային կետով՝ հասցնելով այն 8.5%-ի: 2011թ. մայիսից, հաշվի առնելով գնաճային միջավայրի մեղմման փաստացի միտումները, ՀՀ ԿԲ-ն մայիս-օգոստոս ամիսներին անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, իսկ սեպտեմբերին իջեցրել 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 8.0%: