ՀՀ Ազգային Ժողովի մի քանի պատգամավորներ օրենսդրական նախաձեռնություն են հանդես բերել` «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին: Օրենսդրական նախաձեռնության հեղինակներն են ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Արծվիկ Մինասյանը, Աղվան Վարդանյանը, Վահան Հովհաննիսյանը, Արմեն Բաբայանը:
Ըստ առաջարկության հեղինակների` վարկերի տրամադման մասին գովազդներում ներկայացվում են հայտարարություններ, առաջարկներ եւ պայմաններ, որոնք ոչ միշտ են արտացոլում վարկի տրամադրման, օգտվելու եւ մարման փաստացի արժեքը: Դա վարկառուին զրկում է իր նախնական հաշվարկները կատարելու, իրեն հարմար բանկ կամ վարկային կազմակերպություն ընտրելու հնարավորությունից:
Մյուս կողմից` հայտարարվում է մի տոկոսադրույք, որն իր բնույթով լինելով վարկի արժեքը, հաճախ իր մեջ չի ներառում վարկի ստացման, սպասարկման եւ մարման համար կատարվող ծախսումները: Արդյունքում` վարկառուի համար վարկի արժեքը մեծանում է, որն էլ կարող է հանգեցնել անցանկալի հետեւանքների, ներառյալ անվճարունակությունը:
Օրենսդրական նախաձեռնության իմաստն այն է, որ օրենքով պարտադրվելու է վարկատու կազմակերպությանը` վարկի մասին գովազդում տեղակայել առավել լիարժեք տեղեկատվություն:
ՀՀ կառավարությունը պատրաստել է այս նախագծի նկատմամբ եզրակացություն, որի հաստատման հարցը ներառվել է հոկտեմբերի 4-ի նիստի օրակարգում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարցը ՀՀ կառավարության նիստում ներկայացնելու է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, պետք է ենթադրել, որ կառավարության եզրակացության հիմքում ԿԲ առաջարկություններն են:
Ըստ այդմ` Հայաստանը որդեգրել է Եվրաինտեգրման պետական քաղաքականություն, հետեւաբար` ֆինանսական ոլորտի օրենսդրությունը պետք է համապատասխանի եվրադիրեկտիվների պահանջներին: Իսկ եվրադիրեկտիվը պահանջներ է սահմանում միայն սպառողական նպատակով տրամադրվող վարկերի գովազդների համար, ուստի նպատակահարմար չէ շեղվել դրանից եւ սահմանել առավել խիստ պահանջներ մյուս վարկատեսակների մասով:





























