Վրաստանում քաղաքական ուժերը կփորձեն երկիշխանություն հաստատել: Հոկտեմբերի 4-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել քաղաքագետ, Կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքով, դա հատկապես պարզ երեւաց «վարդերի հեղափոխության» գաղափարակիրներից մեկի` Գիգի Բոքերիայի հարցազրույցներից մեկում: Սահակաշվիլին տեսականորեն ազդեցության լծակներ ունի խորրհրդարանական մեծամասնության նկատմամբ, սակայն դրանց կիրառման համար գործնական ուժ գրեթե չունի: «Նախագահը խորհրդարանի հաստատմանն է ներկայացնում վարչապետի եւ ուժային նախարարների թեկնածությունը, եւ եթե խորհրդարանը երկու անգամ չհաստատի թեկնածուների առաջարկը, ապա այն ցրվում է եւ նոր ընտրություններ են նշանակվում: Այս համակարգը «միշաների» ձեռքում է, սակայն դրա կիրառության իրական ուժ ներկայումս չկա: Կարծում եմ վրացական բոլոր «թափանցիկ» նախարարություններում եւ քաղաքական վարչություններում ծուխ է բարձրացել անհեթեթ քանակությամբ վարկաբեկիչ թղթապանակների այրումից:
Հայաստանում, ավելացրել է նա, վրացական կամպանիան այնքան «մաքուր» են պատկերացնում, որ ամբողջովին հեռանում են իրականությունից: «Գյուղացիները կաշառք կվերցնեին, սակայն տվող չի ՞ եղել: Տվել են, այն էլ ինչպես: Կաշառակերությունը եղել է ընտրությունների հիմնական գործիքը: Այն բաժանել են ողջ երկրի տարածքում, եւ ավելի մեծ քանակությամբ, քան Հայաստանում: Եվ ոչ թե օլիգարխների գրպաններից, Վրաստանում օլիգարխներ որպես այդպիսիք չկան, այլ բյուջեից»,- նշել է Իսկանդարյանը: «Բիձինա Իվանիշվիլին կաշառք բաժանելու հնարավորություն չի ունեցել այն դատական համակարգի օգնությամբ, որը Վրաստանում առավել քիչ անկախ է, քան Հայաստանում»,- կարծում է փորձագետը: Մրցակիցների միջեւ ագրեսիան նույնպես այնպիսին չէր, ինչպիսին Հայաստանում է . «Եթե Նիկոլ Փաշինյանի ճանապարհը կտրել էին կանայք, ապա Խաշուրիում վրացական ընտրողների առաջ հայտնվել էին հաստավիզ զինված մարդիկ»:
Իշխանության լծակները ջարդել հնարավոր եղավ բանտային կադրերով եւ ներքին գործերի նախարար Բաչո Ախալայի վարկաբեկմամբ. «ընտրություններում կիրառելու մեխանիզմ չէր մնացել: Մարդիկ հասկացել են, որ լրջորեն ճնշել նրանց վրա չեն կարող: Փորձեր եղել են այնտեղ, որտեղ մնացել է Ախալայի հանցախումբը` Բորչալուում, Քվեմո-Քարթլիում, Մենգրելիում: Այստեղից են հասել այն անհեթեթ թվերը, որոնք գրանցվել են այնտեղ»,-նշել է Իսկանդարյանը: Սակայն խոսել ժողովրդական ընտրության հաղթանակի մասին, ինչպես դա անում են որոշները Հայաստանում, բոլորովին չարժե. Հայաստանում էլ ոչ բոլորը կուրախանան, երբ իշխանության գլուխ գա օլիգարխը. «բայց չէ ՞ որ Իվանիշվիլին օլիգարխ է: Ընդ որում, իր կապիտալով ավելի բարձր է Հայաստանի ամենահարուստներից: Եվ այդ ունեցվածքը նա աշխատել է Ռուսաստանում: Մնում է տեսնել, թե դա ինչպես կանդրադառնա նրա արտաքին քաղաքականության վրա»,-ամփոփել է Իսկանդարյանը:





























