Հունվարի 16-ին Հայաստանի ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Եգիպտոս: Հայկական պատվիրակությունն այցելել է Եգիպտոսի խորհրդարան, որտեղ հայկական և եգիպտական կողմերը ընդլայնված կազմով հանդիպում են ունեցել: Եգիպտոսի Ժողովրդական ժողովի նախագահ Ահմեդ Ֆաթհի Սուրուրը ջերմորեն ողջունել է հայկական պատվիրակությանը և հույս հայտնել, որ այցի ընթացքում կողմերը համատեղ կաշխատեն պատմականորեն ջերմ և բարեկամական հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ, այդ համատեքստում հատուկ նշելով եգիպտահայ համայնքի դերակատարությունը:
Իր հերթին Հովիկ Աբրահամյանը կարևորելով երկու բարեկամ երկրների միջխորհրդարանական համագործակցությունը, վերահաստատել է հայկական կողմի հավատարմությունը 1997թ. հայ-եգիպտական միջխորհրդարանական համաձայնագրի դրույթներին: Նա իր զրուցակցին ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթ խնդիրները` անդրադառնալով Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերին, հայ-թուրքական հարաբերություններն առանց նախապայմանների կանոնակարգելու գործընթացին:
ՀՀ ԱԺ նախագահը իր եգիպտացի գործընկերոջը հրավիրել է պաշտոնական այց կատարել Հայաստան:
Հունվարի 16-ի Եգիպտոսում ՀՀ ՀՀ դեսպանությունում կազմակերպվել է պաշտոնական ընդունելություն, որին ներկա գտնվեցին բազմաթիվ եգիպտացի պաշտոնյաներ, Կահիրեում հավատարմագրված դեսպաններ և բարձրաստիճան դիվանագետներ, լրագրողներ, ինչպես նաև եգիպտահայ համայնքի ներկայացուցիչներ: Այդ ընդունելությանը մասնակցել է նաեւ Եգիպտոսի խորհրդարանի նախագահ Ահմեդ Ֆաթհի Սուրուրը, ով սովորաբար չի մասնակցում նման միջոցառումների:
Հունվարի 18-ի առավոտյան ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում կունենա ԵԱՀ վարչապետ Ահմադ Նազիֆի հետ: Նույն օրը պատվիրակությունը կվերադառնա Երևան:




























