«Միջազգային իրավունքի առումով, եթե Հայաստանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, դա կփոխի բանակցային գործընթացի ամբողջ կոնտեքստը` հնարավոր է դեպի լավը, հնարավոր է` դեպի վատը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանն ու հավելեց. «Այդ ճանաչումը կփոխի բանակցությունների ողջ դինամիկան եւ մենք դեռ չգիտենք դա ավելի լավ կլինի, թե` վատ»:
Նրա խոսքով, սակայն իրական մարտահրավերը կայանում է նրանում, որ կառավարության եւ իշխանության մեջ շատ քիչ մարդիկ կան, որ ռազմավարական մտածողություն ունեն եւ փոխարենը մտածում են տակտիկական խնդիրների շուրջ: «Որոշ մարդիկ պահանջում են, որ Հայաստանը ճանաչի ԼՂՀ անկախությունը, բայց հետաքրքիրն այն է, որ Հայաստանի կառավարությունը դեռեւս պատասխան չի տալիս այդ հարցին»,- նկատեց փորձագետը:
Հարցին, թե Ռուսաստանի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչումը որքանո՞վ կարող է նպաստել ԼՂ անկախության ճանաչմանը, Ռ. Կիրակոսյանը պատասխանեց. «Իմ կարծիքով, դրանք իրար հետ այնքան էլ կապ չունեն, հատկապես, որ Ղարաբաղը սեփական պատմությունն ունի, սեփական քայլերն է արել, որոնք ավելի ճիշտ էին, քան օսերի ու աբխազների դեպքում: Միաժամանակ, թեեւ Աբխազիայի ու Հվ. Օսիայի անկախությունը ճանաչել են մի քանի երկրներ, բայց դա բավարար չէ: Ես ավելի շատ կապ ու նմանություն եմ տեսնում Ղարաբաղի եւ Կոսովոյի խնդիրների միջեւ»:



























