Պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացվող կադրային բարեփոխումների արդյունքում` 2012 թվականի հունվարին աշխատանքից ազատված Ռոմիկ Եսայանի նկատմամբ այսօր` հոկտեմբերի 5-ին ՀՀ ԿԱ ՊԵԿ  հետաքննության վարչությունում հարուցվել է քրեական գործ: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից, պարզվել է, որ Ռոմիկ Եսայանը, օգտագործելով կոմիտեի աշխատակից լինելու հանգամանքը, հովանավորչություն է իրականացրել վարսավիրական գործունեությամբ զբաղվող Աննա Գրիգորյանի նկատմամբ:

Հարկային օրենսդրությունը շրջանցելու հարցում օգնության, նախկինում կուտակված հարկային պարտավորությունները մարելու, ինչպես նաեւ հարկերի վճարումից խուսափելու համար ելակետային տվյալների խեղաթյուրման խոստման դիմաց Եսայանը  ամիսներ շարունակ Ա. Գրիգորյանից պահանջել եւ ստացել է ամսական 230.000 դրամ: Ռ. Եսայանի առաջարկով պետական բյուջեի հանդեպ մոտ 830.000 դրամ հարկային պարտավորություններ կուտակած Ա. Գրիգորյանը, դադարեցնելով անհատ ձեռնարկատիրոջ գործունեությունը, աշխատանքը շարունակել է Ռ. Եսայանին պատկանող «Վաչ Վար Տեքս» ՍՊԸ-ի միջոցով: Խարդախության փաստը բացահայտվել է պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացվող հսկողության,  հարկային իրավախախտումների, ինչպես նաև ՊԵԿ համակարգի պաշտոնատար անձանց կողմից հովանավորչության դեպքերի հայտնաբերման  և դրանց դեմ պայքարի միջոցառումների  շրջանակներում: