ԼՂՀ Քաշաթաղի տարածաշրջանի Իշխանաձոր գյուղում հոկտեմբերի 4-ին ժամը 16.00-ի սահմաններում, ճանապարհը չզիջելու պատճառով, վեճ ծագելու հետեւանքով երկու զինվորականների դանակահարելու մեջ կասկածվող «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, ՀՀ Արարատի մարզի Խոր Վիրապ գյուղի բնակիչ Հարություն Հովակիմյանը ձերբակալվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հայտնեցին Հայաստանի ոստիկանության լրատվական ծառայությունից:

Նրանց փոխանցմամբ` Հարություն Հովակիմյանին հանձնել են  Լեռնային Ղարաբաղի հանրապետության ոստիկանության Քաշաթաղի բաժին, որտեղ էլ կիրականացվի գործի քննությունը:

ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ դանակահարության հետեւանքով Սիսիան զինվորական հոսիպտալ տեղափոխված զինվորական Էդգար Պողոսյանի առողջական վիճակը բավարար է: Դանակահարության հետեւանքով վնասվել է նրա որովայնի ձախ կողմնային պատը: Ի դեպ, Էդգար Պողոսյանը Երեւանից է, սակայն բնակվում է Սիսիանում, իսկ դանակահարության հետեւանքով մահացած Աշոտ Բաղդասարյանը Կապանից է: Նա ամուսնացած էր, ուներ երկու երեխա:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին ժամը 16.00-ի սահմաններում, ԼՂՀ Քաշաթաղի տարածաշրջանի Իշխանաձոր գյուղում, ճանապարհը չզիջելու պատճառով, վեճ է ծագել «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, ՀՀ Արարատի մարզի Խոր Վիրապ գյուղի բնակիչ Հարություն Հովակիմյանի եւ բեռնատար ավտոմեքենայի ուղեւորներ Աշոտ Բաղդասարյանի եւ Էդգար Պողոսյանի միջեւ: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ վեճի ընթացքում Հ. Հովակիմյանը դանակահարել է վերջիններիս: Աշոտ Բաղդասարյանը հիվանդանոց տեղափոխվելիս մահացել է, իսկ Էդգար Պողոսյանը հիվանդանոցում է: Հարություն Հովակիմյանը դեպքի վայրից իր մեքենայով դիմել է փախուստի: Ոստիկանության Քաշաթաղի եւ Գորիսի բաժինների ծառայողների համատեղ գործողությունների շնորհիվ Հովակիմյանի ավտոմեքենան կանգնեցվել է Գորիսի տարածքում, եւ նա բերման է ենթարկվել ոստիկանության Գորիսի բաժին: Հանգամանքները պարզվում են:

Ավելի ուշ մեզ հաջողվել է պարզել, որ Աշոտ Բաղդասարյանը տեխնիկական սպասարկման զորամասում կապիտան է, իսկ հիվանդանմոց տեղափոխված Էդգար Պողոսյանը` լեյտենանտ: