«168 ժամ» ժամ թերթը գրում է, որ, պատասխանելով թերթի թղթակցի հարցին` ինչո՞ւ ՕԵԿ խմբակցությունը կողմ քվեարկեց «ՀԱՊԿ անդամ պետությունների տարածքում ռազմական ենթակաոուցվածքի օբյեկտներ տեղակայելու մասին» միջպետական համաձայնագրին, ԱԺ ՕԵԿ-ական պատգամավոր Մհեր Շահգելդյանն ասել է. «Այսօր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում անվտանգության համակարգի մեջ լինելը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության կազմակերպության կարեւոր բաղկացուցիչներից մեկն է: Իհարկե, առաջին բաղկացուցիչը մեր բանակն է եւ պաշտպանական համակարգը: Եվ այս տեսանկյունից ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունը եւ այս համագործակցության առավել մեծ չափով հստակեցումը, իհարկե, բխում է նաեւ մեր մոտեցումներից: Խնդիրը, որ առաջադրվում էր այս համաձայնագրին Հայաստանին միանալուն, այն է, որ առաջին կետով ասվում է, որ անհրաժեշտ է համաձայնություն, սակայն երկրորդ կետն, ըստ էության, հավասարակշռում է առաջին կետը եւ ցույց է տալիս, որ ցանկացած տարաձայնությունների դեպքում դրանք լուծվում են քննարկումների արդյունքում: Այսինքն` այստեղ խնդիր չի առաջանում մեր ինքնուրույնության հետ կապված, ինչպես նշվեց որոշ ընդդիմադիր քաղաքական գործիչների կողմից»:

Դիտարկմանը, թե այնպիսի տպավորություն է, որ ՕԵԿ-ը չի ուզում ետ մնալ ՀՀԿ-ից` հաշվի առնելով վերջին երկու կարեւորագույն քվեարկությունների շուրջ իրենց համակարծությունը, ՕԵԿ պատգամավորը պատասխանել է. ««Օրինաց երկիր» կուսակցությունը մշտապես քվեարկում է իր դիրքորոշումներին համապատասխան, եւ մեր ելույթի ժամանակ ասացինք, որ մենք կոալիցիոն քաղաքական ուժ ենք այս ստատուսում, միաժամանակ` մեր պատգամավորներն ազատ էին իրենց խղճի մտոք իրենց դիրքորոշումներն արտահայտելու»»,- մեջբերում է «168 ժամը»: