Ավանի թիվ 1 ընտրատարածքում առաջադրված Ռոբերտ Սարգսյանին ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը անձամբ է ճանաչում նրա ծնված օրից եւ ինքն ու ՀՀԿ-ն ամեն ինչ անելու են, որ նա հաղթի: Այս մասին այսօր` հոկտեմբերի 6-ին հրավիրված ասուլիսին ասաց Համլետ Հարությունյանը:
Վերջինիս խոսքով, Սարգսյանը շատ համեստ, պարկեշտ ընտանիքից է: Իսկ Ռոբերտ Սարգսյանի հայրը Հայաստանի զինված ուժերի գնդապետ է եղել:«Եւ, որն ամենակարեւորն է, ՀՀԿ-ի նվիրյալն է»,- թեկնածուին բնորոշեց Համլետ Հարությունյանը:
Դիտարկմանը, թե հանրապետական թեկնածուն Տարոն Մարգարյանի ազգականն է, Հարությունյանն ասաց. «Եթե Ռոբերտ Սարգսյանի քույրը Տարոն Մարգարյանի կինն է, դա ոչ թե նսեմացնում է նրա արժեքը, այլ բարձրացնում է, որովհետեւ Տարոն Մարգարյանը Անդրանիկ Մարգարյանի որդին է, եւ նրանք մեծ լումա ունեն մեր պետության կայացման համար: Ես էլ եմ աներձագ: Ես շատ հայտնի մարդու փեսա եմ եղել 45 տարի առաջ , բայց մինչեւ հիմա չեմ կարողանում ազատվել: Չորս անգամ պատգամավոր եմ եղել, ինքն էլ 1983թ. է մահացել, բայց մինչեւ հիմա ասում են, որ ես Ադամյանի փեսան եմ»:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի





























