Թուրքիայի Սինջանի ծանր հանցագործությունների գծով դատարանը մերժել է թուրք մի խումբ ազգայնականների կողմից ներկայացրած հայցը՝ ընդդեմ «Ներեցեք մեզ, հայեր» ակցիայի կազմակերպիչների։ Թուրքական Radikal-ի փոխանցմամբ, դատարանը որոշել է, որ տվյալ ակցիան իրականացվել է մտքի ազատության շրջանակներում եւ ակցիան կազմակերպողները չեն կարող դատապարտվել։
NEWS.am-ը հիշեցնում է, որ 2008-ի վերջում մի խումբ թուրք մտավորականներ սկսեցին «Ներեցեք մեզ, հայեր» ակցիան եւ ինտերնետով այդ հայտարարությանը միացավ 30 հազարից մի փոքր ավել մարդ։ Թուրք մտավորականների հայտարարության մեջ ասվում է. «Ես չեմ կարող գիտակցաբար անտարբերություն ցուցաբերել եւ ժխտել այն մեծ աղետը, որը հայերը վերապրել են 1915 թվականին՝ Օսմանյան կայսրությունում։ Ես հերքում եմ այդ անարդարությունը եւ գործելով իմ անունից՝ կիսում եմ իմ հայ եղբայրների եւ քույրերի ցավը՝ նրանցից ներողամտություն հայցելով»։
Այն ժամանակ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարեց, որ մտավորականները կարող են ազատ արտահայտել իրենց մտքերը, իսկ վարչապետ Էրդողանը նշեց, որ Թուրքիան մեղք չի գործել, որ ներողություն խնդրի։




























