Հայ փրկարարների խումբը, որ պետք է մեկներ Հայիթի՝ հունվարի 12-ին տեղի ունեցած սարսափելի երկրաշարժից տուժածներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով, այդպես էլ չի մեկնել լատինամերիկյան այդ երկիր:
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Աբրահամյանը NEWS.am-ին հայտնեց, որ փրկարակական ջոկատը բերված է բարձր պատրաստության վիճակի, սակայն «մեր համագործակցությունը պայմանավորված է միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ Միացյալ ազգերի կազմակերպության հետ»:
Հիշեցնենք, որ Կարիբյան ավազանի համար աննախադեպ հզոր երկրաշարժը Հայիթիում տեղի էր ունեցել երեքշաբթի՝ հունվարի 12-ին: 7 բալ ուժգնությամբ առաջին ցնցմանը հետեւել էին 5,9 եւ 5,5 բալանոց եւս երկու ցնցում:
Տարբեր տվյալներով, աղետի պատճառով զոհվել է 50-200 հազար մարդ, տուժածների թիվը հասնում է 3 միլիոնի:
Հայաստանի Փրկարար ծառայությունն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայիթի է մեկնելու 50 հոգանոց մի խումբ՝ փրկարարներ, բժիշկներ ու այլ մասնագետներ:




























