Երեկ` հունվարի 18-ին, ժամը 19.52-ին Արագածոտնի մարզից ահազանգ է ստացվել, որ Գեղարոտ-Ծիլքար ավտոճանապարհի 2-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտովթար եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունից, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից, բախվել քարերին, ինչի հետեւանքով մեքենայի վարորդ, 1982 թ. ծնված Հովիկ Գրիգորյանը եւ ուղեւոր, 1985 թ. ծնված Անդրյուշ Ներսիսյանը տարբեր մարմնական վնասվածքներ են ստացել: Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը, տուժածները դուրս են բերվել ավտոմեքենայից եւ տեղափոխվել Ծաղկահովտի հիվանդանոց:

Հիվանդանոցում Հ. Գրիգորյանը մահացել է, իսկ Ա. Ներսիսյանը, առաջին բուժօգնություն ստանալով, տեղափոխվել է Երեւանի Արմենիա բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների` Ա. Ներսիսյանի առողջական վիճակը բավարար է: Փրկարարների եւ բնակիչների ուժերով ավտոմեքենան դուրս է բերվել ճանապարհի երթեւեկելի մաս: