Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել, որում քննարդատել է Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ՀՀ սահմանադրությանը համապատասխանելու վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը։ Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության, ՍԴ որոշման տեքստը պարունակում է դրույթներ, որտեղ կան արձանագրությունների ոգուն ու բովանդակությանը հակասող նախապայմաններ:

Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունում մասնավորապես ասված է. «Ներկա դրությամբ հրապարակվել է այդ որոշման ամբողջական տեքստը, որում նախապայմաններ պարունակող, ինչպես նաև արձանագրությունների ոգուն և բովանդակությանը հակասող դրույթներ են հայտնաբերվել։ Տվյալ որոշումը հարցականի տակ է դնում արձանագրությունների քննարկման անհրաժեշտությունը և խոչընդոտում հասնելու այդ փաստաթղթերի հիմնական նպատակին։ Նման մոտեցումն ընդունելի չէ։ Ինչպես միշտ, ցուցադրելով, թե հետևում է միջազգային պարտավորություններին, Թուրքիան ևս մեկ անգամ հայտարարում է նշված արձանագրությունների դրույթներին հավատարիմ մնալու մասին։ Նման հավատարմություն ակնկալում ենք նաև Հայաստանից»:

Հիշեցնենք, որ հունվարի 12-ին ՀՀ ՍԴ-ն որոշում կայացրեց, որով հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները ճանաչեց որպես ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող: Արձանագրությունները ենթակա են վավերացման երկու երկրների խորհրդարանների կողմից, որից հետո միայն իրավական ուժ կստանան: