Օրերս ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, «Գրեյթ Վելլի» ընկերության սեփականատեր Տիգրան Արզաքանցյանի թիկնազորի ներկայացուցիչները տարվել են ՀՀ ոստիկանություն, որտեղ նրանց պարզապես զինաթափել եւ տուն են ճանապարհել: Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը։
«Բանն այն է, որ ՀՀ ոստիկանությունը սկսել է ուսումնասիրել, թե որ պատգամավորի կամ օլիգարխի թիկնազորային ծառայությունն է գործում համապատասխան օրենքի շրջանակներից դուրս: Հիշեցնենք նաեւ, որ ամիսներ առաջ Սերժ Սարգսյանը հրահանգեց ոստիկաններին բռնել եւ տուգանային հրապարակներ տանել այն օլիգարխների թիկնազորի ներկայացուցիչներին, որոնք գոլդ համարանիշների ավտոմեքենաների «շարասյունով» ուղեկցում են իրենց տերերին: Արդյունքում` այնպես ստացվեց, որ օլիգարխներին իրենց «ախրաննիկները» սկսեցին ուղեկցել տաքսիներով: Հիմա, երեւի, Արզաքանցյանը չի տիրապետել այդ գաղտնիքին, եւ հայտնվել է սխալ վայրում` սխալ պահին: Միաժամանակ` չնայած Արզաքանցյանը շարունակում է համարվել «ամենափողոտ» գործարարներից մեկը, այնուամենայնիվ, վերջինս այլեւս ձեռքին չունի կախարդական մանդատը, եւ շատ դեպքերում ստիպված է լինելու իրեն զգալ ՀՀ շարքային քաղաքացու կարգավիճակում: Ի դեպ` սա վերաբերվում է նաեւ նրա «զինաթափված ախրաննիկներին»»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»։





























