30-ամյա Ա. Չ-ն ամուսնու դեմ մեղադրանք է ներկայացրել եւ հայտնել, որ ամուսինը 9 տարի շարունակ բռնաբարել է իրեն: Ավելին` հայտնվել է եւս մեկ տուժող հանձինս 34-ամյա Ա. Դ-ի, ով եւս Ա. Չ-ի ամուսնուն մեղադրել է իրեն բռնաբարելու մեջ: Սակայն արդյունքում մեղդրանք է առաջադրվել նրանց նկատմամբ, քանի որ նախաքննությամբ պարզվել է, որ կանայք ստել են: Լոռի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ , որ սույն գործը քննվելու է  իրենց մոտ:

30-ամյա Ա. Չ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, 17.08.2012թ-ին կատարել է սուտ մատնություն՝ զուգորդված ծանր հանցագործության մեջ մեղադրելով, այն է՝ ոստիկանության Վանաձորի բաժնի Բազումի բաժանմունքում հաղորդում է տվել, թե իբրեւ 2003 թ.-ից մինչեւ 2012 թ. սկիզբն ընկած ժամանակահատվածում ամուսինը՝ Կ. Դ-ը, պարբերաբար իր կամքին հակառակ, բռնություն գործադրելու սպառնալիքով իր նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ: 

Ավելին` նույն օրը հայտնվել է 2-րդ մեղադրողը`  34-ամյա Ա. Դ-ն: Նրան էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, 17.08.2012թ.-ին կատարել է սուտ մատնություն՝ զուգորդված ծանր հանցագործության մեջ մեղադրելով, այն է՝ ոստիկանության Վանաձորի բաժնի Բազումի բաժանմունքում հաղորդում է տվել, թե իբրեւ 2011 թ.հուլիսին Կ. Դ-նն իր կամքին հակառակ, բռնություն գործադրելով, սեռական հարաբերություն է ունեցել իր հետ: Նրանց դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` հանցագործության մասին սուտ մատնությունը, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով: Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ առավելագույնը 5 տարի ժամկետով: Սույն գործը դատարան է ստացվել հոկտեմբերի 5-ին առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: