2013 թ. պետական բյուջեի նախագծով ծառայողական մեքենայի պահպանման տարեկան ծախսը նախատեսվել է 1.2 մլն դրամ, կամ ամսական 100 հազ. դրամ: Այդ մասին նշված է 2013 թ. բյուջետային ուղերձում:

Նշենք, որ ծառայողական մեքենայի պահպանման սույն նորմատիվն անփոփոխ է 5 տարուց ավելի:

Ծառայողական մեքենաների ընդհանուր թիվը կկազմի 991 (առանց հարկային, մաքսային մարմինների եւ ԴԱՀԿ մեքենաների): Նախորդ տարվա համեմատ ծառայողական մեքենաների թիվը կպակասի մեկով:

Մասնավորապես`մեկական մեքենա կվերցնեն էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարություններից, 2 մեքենա` ՊԵԿ-ի կենտրոնական ապարատից: Փոխարենը` 1 լրացուցիչ մեքենա կստանան ՀՀ Ազգային ժողովն ու տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը:

Ծառայողական մեքենաների թվով առաջին տեղում ՀՀ դատախազությունն է` 91: ՀՀ կառավարության աշխատակազմն ունի 81 մեքենա, ՀՀ ԱԺ-ն` 80, ՀՀ նախագահի աշխատակազմը` 67: